Շարունակելով արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների գործունեությանը նվիրված շարքը՝ այսօր կանդրադառնանք Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանին: Վերջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է, նրան կադրային դիվանագետ չես անվանի: 2000թ. - ՀՀ ԱԳՆ Ռուսաստանի բաժնի վարիչ, 2000-2003թթ. - Բելառուսում ՀՀ դեսպանության խորհրդական, 2003-2005թթ. - ՀՀ ԱԳՆ ԱՊՀ վարչության պետ, 2005-2008թթ. - Ուկրաինայում ՀՀ դեսպանության դեսպանորդ, 2009-2014թթ. - «Արտժամ» ՍՊԸ մենեջեր, 2014թ.֊2015թթ. - ՀՀ ԱԳՆ Ռուսաստանի բաժնի խորհրդատու, 2015-2021 թթ. - ԱՊՀ Գործադիր կոմիտեի դեպարտամենտի տնօրենի տեղակալ: 2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Մինսկ):
Խումարյանը հայտնի է նրանով, որ, 2008-ին լինելով Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան դեսպանորդ, հրաժարական էր ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ:
Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Բելառուսի հայ համայնքը թեև այնքան էլ մեծաթիվ չէ, սակայն, բավական կուռ է: Գործում են «Էրեբունի» պարի համույթը, որը ազգային մշակութային միջոցառումների բազմակի դափնեկիր է: 2006 թվականից Մինսկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց` մոտ 150 աշակերտներով: Հրատարակվում են հայկական «Միասին» թերթը եւ «Անիվ» ամսագիրը, գործում են www.miasin.by եւ www.diaspora.by հայկական կայքերը: Կարելի է առանձնացնել մի շարք առանցքային հանդիպումներ, որոնք այս ընթացքում ունեցել է դեսպանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 2021թ․ նոյեմբերի Ռազմիկ Խումարյանի հանդիպում Է անցկացրել Մինսկի քաղաքային «Հայաստան» հայկական մշակութային-լուսավորչական միության նախագահ Գեորգի Եղիազարյանի և երիտասարդական թևի ղեկավար Կարեն Մուրադյանի հետ։ Խումարյանը այցելել է նաև Մինսկի միջնակարգ դպրոցներից մեկում գործող հայկական կիրակնօրյա դպրոց։ Ճանաչողական այցին մասնակցում էր նաև Բելառուսում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռուբեն Հարությունյանն իր 8-ամյա որդու հետ միասին։
Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը, մանավանդ երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Այս առումով պետք է նշել, որ դեսպան Խումարյանը բավական ակտիվ է գտնվել: Դեսպանը հանդիպում է ունեցել Համայն Բելառուսի Ուղղափառ Եկեղեցու ղեկավար, Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Վենիամինի հետ, Բելառուսում կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատար Ալեքսանդր Ռումակի հետ։ 2022թ. սեպտեմբերի 10-ին էլ կայացավ Մինսկի (Ֆիլիմոնովի փողոցի վրա) Հայ Առաքելական Եկեղեցու հիմքերի օրհնության հանդիսավոր արարողությունը։ Արարողությունը կատարեցին հատուկ այս առիթով հրավիրված Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականները՝ թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ։
Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Նմանատիպ հանդիպումների շարքում կարելի է առանձնացնել Խումարյանի հանդիպումը ԲՀ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ, ինչպես նաև ԲՀ Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովայի հետ:
Իսկ ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության դաշտում: Դեսպան Խումարյանը բավական պասիվ է հրապարակային ելույթների, հարցազրույցների մասով: Դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում գերակշռում է ԱԳՆ ռելիզները, ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցները և ելույթները: Կարելի է հանդիպել նաև տեղեկություն, որը բնավ չի վերաբերվում դեսպանության աշխատանքներին և դա չի վրիպում նաև օգտատերերի ուշադրությունից:
Ինչ վերաբերվում է նախորդ տարվա ադրբեջանական ագրեսիային, ապա դեսպանատան պաշտոնական էջում որևէ հիշատակում չկա այդ օրերին դեսպան Խումարյանի հանդիպումներ է անցկացրել բելառուսական քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ, չնայած այն հանգամանքին, որ Բելառուսը, ըստ էության, դաշնակից երկիր է հանդիսանում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ գծով և այստեղ պետք է որ բավական ակտիվ աշխատանք տարվեր հայկական կողմի համար բարենպաստ քաղաքական գնահատականներ ստանալու նպատակով: Լաչինի միջանցքի փակման ֆոնին դեսպանատունը կրկին ակնհայտ պասիվություն է դրսևորում, չեն հնչում հայտարարություններ, գնահատականներ, ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ դեսպանատունը որդեգրել է բավական զգուշավոր մոտեցում:
Շարունակելի...