Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր զեկուցել է նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը՝ այդ թվում անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին և ոլորտում ակնկալվող համակարգային փոփոխություններին: Հանրապետության նախագահը հանձնարարել է արագացնել աշխատանքները աշխատանքային ստաժի հաշվառումը ևս հստակեցնելու, հնարավոր պատահական կամ միտումնավոր սխալները նվազեցնելու, պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիներին առցանց մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ:
Սերժ Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում Ասարյանի վերանշանակման հարցում երկար ժամանակ չէր կողմնորոշվում և դա զարմանալի չէ, քանի որ Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր ստորաբաժանումներով հանդերձ՝ դարձել է Հայաստանի ամենակոռումպացված կառույցներից մեկը: Այն, որ Հայաստանի պետական համակարգը տառապում է կոռուպցիա կոչվող գրեթե անբուժելի հիվանդությամբ, փաստ է: Սակայն, որ այս խնդիրը նման ճչացող մասշտաբների կհասնի մի կառույցում, որի գործունեությունը միտված է բնակչության սոցիալապես անապահով խավերի հոգսերը թեթևացնելուն, դժվար էր պատկերացնել: Կարծես թե վերջին շրջանում արձանագրված լուրջ միջադեպերը պետք է սթափեցնող ազդեցություն գործեին Արտեմ Ասատրյանի ղեկավարած կառույցի վրա՝ դրդելով նրանց աշխատել ավելի թափանցիկ և գործունեությունը ուղղել թիրախային խնդիրների լուծմանը: Սակայն, ինչպես երևում է, նախարարը դասեր չի քաղել: Պատահական չէ, որ ցուցումները ստանում է անձամբ նախագահից, ընդ որում՝ առկա բացթողումները շտկելու համար Սերժ Սարգսյանը շատ կարճ ժամանակամիջոց է հատկացրել Ասատրյանի ղեկավարած կառույցին:
Ստելլա Խաչատրյան