Որքան էլ լավատեսորեն նայես ներկա իրավիճակին, փաստ է, սակայն, որ Հայաստանին այդպես էլ այս տարիների ընթացքում չի հաջողվել կայանալ առնվազը որպես սոցիալկան պետություն. պետության հոգածությունն իր քաղաքացիների նկատմամբ այսօր խոշոր հաշվով սահմանափակվում է մի քանի գրոշ թոշակով ու նպաստով, որոնցով բացի ցամաք հացից,մարդը ոչինչ գնել չի կարողանում: Ինչ վերաբերում է սոցփաթեթին, որն, ինչպես հայտն է, տրամադրվում է պետական ոլորտի աշխատակիցներին որպես պետության` նրանց հանդեպ դրսևորվող հոգածության նշան, ապա այն ևս կարծես այլևս դադարում է գոյություն ունենալ:
Պարզվում է` Հայաստանում «սոցփաթեթ» կոչվածը հետզհետե ձեռք է բերում զուտ ձևական, գովազդային բնույթ: Մասնավորապես` մամուլում հայտնվել են ահազանգեր առ այն, որ դիցուք Հայաստանի հանգստյան տները կամ դրանց գերակշիռ մեծամասնությունն այլևս հրաժարվում են քաղաքացիներին ծառայություններ մատուցել պետության կողմից պետական ոլորտի աշխատակիցներին տրամադրվող սոցփաթեթի շրջանակներում: Այսինքն` բոլորիս աչքի առաջ տեղի է ունենում ազգաբնակչության որոշակի շերտի թալան ու, ինչն ամենացավալին է, հենց այն պետական գերատեսչության աչքի առաջ, որի ուղղակի իրավասության շրջանակներում է մտնում խնդրի վերհանումն ու չեզոքացումը. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու դրա ղեկավարի լռությունն այս պարագայում ուղղակի անհասկանալի է ու հավելյալ բացատրությունների կարիք է զգում:
Անկախ այն բանից, թե այս տհաճ իրավաճակի մեջ որքան է նախարարության մեղավորությունը,որքանով` ոչ, անվիճելի է, որ սույն իրողությունը վկայում է պետության կողմից սեփական քաղաքացիներին անուշադրության մատնելու մասին. եթե նույն մասնավորը զգար, որ անհասկանալի վարք դրսևորելով` կարող է պատժվել ու պատասխանատվության կանչվել, երբեք չէր թերանա, ու մարդիկ էլ ստիպված չէին լինի փաստի առաջ կանգնել: Մնում է հուսալ, որ Արտեմ Ասատրյանը գոնե այս անգամ անտարբերություն չի դրսևորի, ու խնդիրն իր լուծումը կստանա. հույսը վերջում է մեռնում…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ