Նրանք, ովքեր դժբախտություն են ունեցել կյանքում գեթ մեկ անգամ առնչություն ունենալ Հայատանի սոցապ համակարգի հետ, կարող են վկայել, թե իրականում ինչ է այն իրենից ներկայացնում. առանց չափազանցության՝ այս համակարգը, վերից վար թաթախված լինելով կոռուպցիայի, չարաշահումների, կաշառակերության մեջ, վաղուց վերածվել է ժողովրդի արյունը մինչև վերջ ծծող օղակի: Այլ կերպ ասած՝ այն Հայաստանի՝ կոռուպցիայի առումով ամենախոցելի ու ցավոտ կետերից մեկն է:

 

Իհարկե, ասել, թե այս բոլոր արատավոր երևույթներն ի հայտ են եկել բացառապես ներկայիս նախարար Արտեմ Ասատրյանի օրոք, անարդար կլիներ. բոլոր նախորդ նախարարների օրոք ևս համակարգն առանձնապես չի փայլել իր մաքրությամբ: Բայց համաձայնե՛ք՝ այն, ինչ կատարվում է այստեղ հատկապես վերջին տարիներին, այլ կերպ, քան «անարխիա» չես անվանի:

 

Բանը հասել է այնտեղ, որ խեղճ մարդիկ, ընդ որում, հասարակության ամենախոցելի խավերին պատկանող, սեփական ոտնահարված իրավունքների պաշտպանությունը չկարողանալով իրացնել համապատասխան օղարկներում, հաճախ ստիպված են լինում դիմել, ահազանգել մամուլին՝ գոնե ինչ-որ կերպ սեփական խնդիրներին լուծում գտնելու հույսով: Անկասկած,վերջին շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվող հոդվածների ու նյութերի առատությունը վկայում է այն մասին, որ Արտեմ Ասատրյանի նախարարությունում այլևս կատարյալ «բեսպրեդել» է թագավորում, ու նույնիսկ եթե դու կատարելապես հաշմված ես, նպաստի հույս անգամ կարող ես չունենալ, եթե ասենք մի 100 դոլարի կարգի գումար համապատասխան չինովնիկին «մաղարիչ» չանես…


Ինչպես հայտնի է, օրերս ԱԱԾ կողմից ձերբակալվել էր համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը: Տեղեկատվության կարգով նշենք, որ Սողոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, որը պատժվում է ազատազրկմամբ' 5-10 տարի ժամկետով' գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Մինչ այդ մի շարք աղմկահարույց կոռուպցիոն սկանդալների կենրոնում ևս նախարարությունը հասցրել էր հայտնվել:

 

Չգիտես աղմկահարույց իրադարձություննե՞րն էին պատճառը, թե՞ այս տարվա հունվարից ուժի մեջ մտնող համակարգային փոփոխությունները, բայց Կարեն Կարապետյանը նույնպես դեկտեմբերի 29-ին կառավարության նիստի ժամանակ բավական լայնորեն անդրադարձ էր կատարել սույն հարցին ու հնչեցրել կոնկրետ նկատառումներ ու շեշտադրումներ:


Այս իմաստով՝ պետք է նկատել, անկասկած, մի կողմից դրական է այն, որ Կարապետյանը հատուկ անդրադարձ է կատարում ոլորտին ու անձամբ մատնանշում համակարգային խնդիրներն ու լուծումներ պարտադրում, բայց մյուս կողմից էլ հարց է ծագում, թե որքանո՞վ են այդ նկատառումներն էֆեկտիվ դեր խաղալու առաջիկայում իբր սպասվող համակարգային փոփոխությունները հավուր պատշաճի «գլուխ բերելու» գործում: Վերջիվերջո, որպես կանոն, խնդիրը ոչ թե միջին կամ ցածր օղակներում է թաքնված լինում, այլ շատ ավելի բարձր տեղերում, ու համակարգային լրջագույն բարեփոխումներ իրականացնելու համար,անկասկած, անհրաժեշտ է փոփոխել նախ համապատասխան պետական օղակի ղեկավար կազմը ՝նախարարի գլխավորությամբ, քան խոշոր «շնաձկներին» թողած՝ ընկնել մանր-մունր «տառեխների» հետևից:


Այս կապակցությամբ մի խիստ բնական հարց է ծագում՝ չարժե՞ր, արդյոք, ասենք ամիսներ առաջ, երբ նոր-նոր էր ներկա կառավարությունը «միս ու արյուն ստանում», համակարգային խնդիրների՝ շատ ավելի արմատական լուծման դիմեին ու օղակի ղեկավարման գործառույթները հանձնեին մեկ ուրիշին: Վերջապես, Ասատրյանը բավական տևական ժամանակ է՝ նախարար է ու դեռևս ոչ մի կերպ չի հասցրել ապացուցել ու փաստել, որ ինքն այդ պաշտոնում անփոխարինելի է:


Ցավոք, Հայաստանում նույնիսկ պատժիչ վերահսկողական մեխանիզմներն էլ նորմալ չեն աշխատում. զարգացած երկրներում նախ պատասխանատվության են ենթարկում կաշառակերների շեֆերին ու հետո միայն անցնում ենթականերին, այնինչ մեզ մոտ ճիշտ հակառակ տրամաբանությունն է գործում, իսկ արդյունքում՝ կատավասիա:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ