ԱԺ-ում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, հայտարարեց, որ նախարարությունը քաղաքականությունը մշակող մարմին է, որը պետք է համապատասխան լուծումներ գտնի:

 

Նա հավելեց նաև, որ ինքն այս բյուջեում խնդիրների լուծման քաղաքականություն չի նկատում և շեշտեց, որ սոցապնախարարի ոլորտն ընդգրկում է շուրջ 700 հազար մարդ. «Մեր հասարակության մեջ տոկոսային առումով այս դաշտը մեծանում է՝ կապված արտագաղթի հետ: Եթե մենք 3 մլն բնակչության ժամանակ ունեինք 500-600 հազար թոշակառու, ապա դա կազմում էր մոտ 22 տոկոս, ապա առկա բնակչության պայմաններում այդ դաշտը դառնում է 33 տոկոս: Այսինքն՝ դաշտը մեծանում է, սպառողական մասը՝ քչանում: Դաժան իրականություն է: Մեկ եկամուտ բերողի համար 7 թիրախ կա. նա համ իրեն, համ էդ 7-ին պետք է կերակրի: Գործունեության դաշտն այնքան է թուլանում, որ գները բարձրանում են, իսկ արտագաղթում է հատկապես արտադրող մասը, և ՀՀ-ում մնում է այն հատվածը, որը ձեր դաշտում է: Այսօր ՀՀ-ում ամենաշատը ձեր մասն է, դրսում Հրանուշն է Հակոբյան, որը դառնալու է համայն սփյուռքի նախագահ, իսկ Դուք կդառնաք թոշակառուների նախարար, տակն ուրիշ բան չի մնալու»,- ասաց ՀԱԿ պատգամավոր:

 

Նա հայտարարեց նաև որ ինչ ծրագիր էլ մշակվի, միևնույն է, առանց ռադիկալ փոփոխությունների՝ այստեղ պայթյուն է սպասվում, իսկ դեմոգրաֆիկ խնդիրների լուծման համակարգ՝ ինքը չի տեսնում:

 

«Հո միջոցառումների նախարարություն չե՞ք, իսկ մենք ձեր միջոցառումներին հավանություն տալու հիմնարկ չե՞նք: Ռազմավարությունը ո՞րն է՝ որ դեմոգրաֆիկ, աշխատանքային ներքին լուրջ մարտահրավերի առաջ Կառավարությունն ու ԱԺ-ն ծրագի՞ր են մշակում»,- հետաքրքրվեց Մանուկյանը:

 

Նախարար Արտեմ Ասատրյանը արձագանքեց, որ աղքատության, գործազրկության և ընդհանրապես՝ սոցիալական բեռի թեթևացման լուծումը տնտեսության աճը, գործարար միջավայրի ակտիվությունն է: «Այդ բոլոր մարդկանց համար, ովքեր բարիք են ստեղծել, հնարավորությունների լայնացումը պիտի լինի, որ առավելագույն բարիք ստեղծվի երկրում, որը սոցիալական նախարության միջոցով վերաբաշխվի հասցեատերերին, ովքեր իրենք չեն ստեղծում: Տարանջատենք այս երկու խնդիրն այն իմաստով, որ եթե ընդհանուր կառավարության տեսանկյունից եք ասում, ապա Կառավարության ամբողջ ծրագիրը վերաբերում է հենց Ձեր մատնանշած խնդիրների լուծամը: Դուք դա անվանում եք միջոցառումներ, բայց ես կարող եմ չհամաձայել, սակայն հիմա կարևորը դա չէ: Խնդիրն այն է, թե ինչ ռազմավարություն է որդեգրել Կառավարությունն, իսկ այս ամենը ներկայացված է Կառավարության ծրագրում, ինչը ենթադրում է համապատասխան պայմանների ստեղծում»,- ասաց նա:

 

Անդրադառնալով սոցիալական պաշտպանությանը՝ նախարարը հավելեց, որ խնդիրների կարգամավորման համար ներդրված համակարգեր կան, որոնք առավելագույն հասցեական են դարձնում սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող միջոցների տրամադրումը: Նրա համոզմամբ՝ թիվ 1 խնդիրն այն է, որ պետական բյուջեից հատկացվող 30 տոկոսի յուրաքանչյուր դրամը հասնի իր հասցեատիրոջը և առավելագույն արդյունք ապահովի: «Դուք ասում եք՝ 15 հազար մարդու համար ծրագրեր կան, սակայն բավարար են, թե՝ ոչ, իհարկե, բավարար չեն, իհարկե, այսօր ավելի մեծ կարիք կա այս ուղղությամբ ծրագրեր իրականացնելու: Այսօր մեր հնարավորությունները որքան որ տրված է, դրա ներքո ենք փորձում ավելի նպատակային ու հասցեական իրականացնել: Կենսաթոշակառուների մասով ասեմ նաև, որ պետական բյուջեով սոցիալական պաշտպանությանը հատկացված միջոցների 60 տոկոսից ավելին՝ դրանք կենսաթոշակներն են»,- եզրափակեց նա: