Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակում Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և հանձնակատար Ֆոտիո Ֆոտիսի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով.
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին ս.թ. հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև կնքված փոխըմբռնման հուշագրից բխող համագործակցության հետագա հարցերը և անելիքները:
Կողմերն ընդգծեցին և կարևորեցին Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (Արևելյան տարածաշրջան), Հույն-ամերիկյան առաջնորդության խորհրդի, Կիպրա-ամերիկյան կազմակերպությունների դաշնության և Կիպրոսի արդարադատության միջազգային համակարգող խորհրդի (PSEKA) միջև 2016 թ. ապրիլի 9-ին Նյու Յորքում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ նշելով, որ դրանք օրինակելի են այլ երկրների սփյուռքյան համայքների միջև համագործակցությունը զարգացնելու համար:
Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ֆոտիու Ֆոտիսի ուղեկցությամբ այցելեց Կիպրոսի առաջնորդարան և հանդիպում ունեցավ հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Կրիսոստոմոս 2-րդ-ի հետ:
Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց հայ-կիպրական հարաբերությունների զարգացման գործում ՀՀ սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հումանիտար և արտերակրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրված հուշագիրը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայկական սփյուռքի ընդհանուր բնութագիրը և խնդիրները, Հայաստան-Սփյուռք գործակցության օրակարգը: Նախարարն ընդգծեց հայ և կիպրական եկեղեցիների միջև համագործակցության կարևորությունը, որը օժանդակ միջոց է երկու ժողովուրդների միջև դարավոր հոգևոր ու մշակութային կապերն ամրապնդելու համար:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կիպրոսի Ներկայացուցիրչների պալատում հանդիպեց Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմիտրիս Սիլլուրիսի հետ:
Հանդիպման ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ կիպրահայերի հայապահպանության գործում մեծ է Կիպրոսի իշխանությունների և ժողովրդի դերը, և որ հենց նրանց բարեկամական վերաբերմունքի շնորհիվ հայ համայնքը կարողացել է գոյատևել՝ պահպանելով իր ազգային նկարագիրը՝ լեզուն, մշակույթը, ազգային դիմագիծը, և այժմ էլ շարունակում է ապրել և բարգավաճել: Նախարարը հայտնեց Հայաստանի կառավարության գոհունակությունը հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և պետական հոգատարության համար, որի շնորհիվ պահպանվում է հայ-կիպրական դարավոր հոգևոր-մշակութային ժառանգությունն ու ավանդույթները, ֆինանսավորվում են կրթամշակութային ծրագրերը և համայնքային կառույցների գործունեությունը: Նախարարը ողջունեց նաև 2015թ. Կիպրոսի օրենսդիր մարմնի՝ Ներկայացուցիչներ պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեորեն պատժող օրենքի ընդունումը՝ նշելով, որ այս քայլով Կիպրոսը հավատարիմ մնաց համամարդկային արժեքներին և սկզբունքներին:
Ներկայացուցիչների պալատում նախարաը հանդիպեց նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Ստելլա Կիրիակիդեսին: Նախարաը շնորհավորեց տիկին Կիրիակիդեսին նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ:
Հոկտեմբերի 19-ին Կիպրոսի նախագահական նստավայրում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Կիպրոսի նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս Նիկոլաոս Քուիքի միջև:
Հանդիպման ընթացքում երեք կողմերը պատրաստակամություն հայտնեցին՝ նպաստելու հայկական, կիպրական և հունական սփյուռքների միջև համագործակցության ակտիվացմանն ու սերտացմանը, և ընդգծեցին, որ անհրաժեշտության դեպքում կարող են հանդես գալ միասնական գործողություններով և աջակցել միմյանց տարբեր խնդիրների լուծման գործում:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ համագործակցելով՝ կարելի է ավելի արդյունավետ օգտագործել սփյուռքների ներուժը, և անհրաժեշտ է եռակողմ համագործակցությունը կիրառել որպես օժանդակ դիվանագիտական միջոց՝ իրենց համատեղ շահերին աջակցելու նպատակով: Երեք երկրները համաձայնություն ձեռք բերեցին՝ նպաստելու ակադեմիական ինստիտուտների, մշակութային կենտրոնների, լրատվական խմբերի և գիտական կենտրոների միջև տեղեկատվության փոխանակման նախաձեռնությունների և նախագծերի խթանմանը:
Երեք կողմերը կարևորեցին սփյուռք-սփյուռք կապերի համագործակցությունն ու սերտացումը:
Քննարկումից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ երեք կողմերը լրագրողներին ներկայացրեցին քննարված թեմաների շրջանակները:
Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի ուղեկցությամբ այցելեց «Makedonitissa» ռազմական հուշահամալիր և ռազմական գերեզմանատուն, որտեղ ծաղկեպսակ դրեցին և հարգանքի տուրք մատուցեցին հունական և կիպական զոհերի հիշատակին:
Բոլոր հանդիպիպումներին և միջոցառումներին մասնկացում էր նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը»: