«Տպավորություն է, թե գործազրկության նպաստը կտրում եք, որ ուղղեք աշխատավարձերի բարձրացմանը: Եթե իրականում այդպես չէ, ապա ասում եմ' տպավորությունն այդպիսին է», -այսօր խորհրդարանում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագծի և դրան կից օրինագծերի վիճահարույց փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով, աշխատավարձերի բարձրացումը պետք է լինի միանգամից, որպեսզի գնաճը մեղմվի: «Խոցելի շերտերը' թոշակառուներ, գործազուրկներ, հաշմանդամներ նրանց նկատմամբ բեռը ավելանալու է, որովհետև սոիալակն ծրագրերի և մասնավորապես թոշակների մինչև 15 տոկոս ավելացումը, գների թանկացման հետ ադեկվատ չեն: Դուք այս համակարգով, այս կոնցեպտով չեք կարող լուծել այն մարտահրավերները, այն խնդիրները, որոնցով փորձում եք լուծել մարդկանց բարեկեցության հարցը», -հայտարարեց Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, իշխանությունների վարած քաղաքականությունը նպաստում է, որ մարդիկ գնան, արտադրողները հեռանան երկրից: Նա մատնանշեց ռուսական միգրացիոն ծառայության տվյալները և հայտարարեց, որ այս տարվա ինն ամիսների ընթացքում 160 հազար քաղաքացի Հայաստանից հեռացել է Վերին Լարսի անցակետով: «Դուք դուրս եք մղում ձեզ կոպեկ տվողին: Դուք դուրս եք մղում Հայաստանում որևէ արտադրություն կազմակերպողին: Եթե ուզում եք վստահություն լինի իշխանության նկատմամբ, քաղաքացու բարեկեցությունը բարձրացրու, ինքը կասի' փառք իշխանություններին: Բայց քաղաքացին փախնում է: ՀՀ բնակչության երեք տոկոսը ամեն տարի գնում է»,- հայտարարեց Մանուկյանը: