2014թ.-ի պետական բյուջեի նախագծի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարց ուղղելուց առաջ անեկդոտ է պատմել՝ նշելով, արտագաղթի տեմպերի աճի պայմաներում Հրանուշ Հակոբյանը շուտով կդառնա համայն հայության նախարար։ Այս մասին հայտնում է 168.am-ը:

 

«Մեկը նամակ է գրում տուն, ասում է օրը 200կմ նահանջելով գալիս ենք, էսպես, որ գնա, տուն եմ հասնելու»,-պատմել է ՀԱԿ պատգամավորը։ ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը տեղից արձագանքել է. «Գերմանացի՞ էր»։ «Չէ, լոռեցի»,-հակադարձել է Արամ Մանուկյանը, հավանաբար նկատի ունենալով Է. Շարմազանովի ծննդավայրը: Արամ Մանուկյանը շարունակել է. «Հիմա օրը մոտավոր 1000 հոգի Հայաստանից անցնում է Ձեր՝ Սփյուռքի բալանս, ու եթե հինգ տարի էլ էսպես գնա, Դուք դառնալու եք համայն հայութան նախագահ կամ նախարար»։

 

Պատգամավորն ասել է, որ միայն Լարսի սահմանային անցակետով մեկ ամսվա ընթացքում 160.000 հայաստանցի է անցել, ինչը նրա գնահատմամբ ողբերգություն է: «Ողբեգություն է այն, որ Սփյուռքի կառույցները մեծանում են, ձեր ոլորտը մեծանում է, ոլորտի ֆինանսավորումը շատանում է, չգիտեմ… Հիմա հարցը ես նորմալ չեմ համարում, որ դեսպանատներում, որոնք ներկայացնում են Հայաստանը, Սփյուռքի նախարարությունը պետք է ունենա հաստիք:

 

Սա ի՞նչ է նշանակում։ Դուք էս պետության մեջ չե՞ք, կամ այդ հաստիքներն ի՞նչ պետք է անեն առանձին, որ չի անում այս դեսպանատությունը։ Թե՞ կամաց-կամաց Շարմազանովի ասածն եք հաստատում, որ Սփյուռքը ուժեղանում է Հայաստանի հաշվին»,-հարցրել է նա։ Հրանուշ Հակոբյանն էլ պատասխանել է, թե Սփյուռքի նախարարությունը դեսպանություններում իր ներկայացուցիչները չունի, ընդամենը ավելացել են դիվանագետների հաստիքներ, որոնք կաշխատեն Սփյուռքի հետ։

 

Արամ Մանուկյանը հետաքրքրվել է, թե այդ ո՞ր դեսպանատունը չունի նման աշխատակիցներ։ «Օրինակ ՌԴ դեսապանատան դիվանագիտական աշխատողների թիվը բավարար չէ, որ ամեն ինչով զբաղվեն, ուղղակի մեկ հաստիք ավելացվեց, որ առավել ուշադրություն դարձնեն Սփյուռքին։ Ընդամենը ուժեղացրեցինք մեր դիվանագիտական ներկայացուցչությունը»,-նշել է նա։