Հայաստանում կենսաթոշակային համակարգի անհեթեթ լինելու մասին գիտի ցանկացած ՀՀ քաղաքացի: Եվ հարցն այստեղ միայն թոշակի չափի մեջ չէ, որն ուղղակի ծիծաղելի է ու չի համապատասխանում նույնիսկ ամենահամեստ չափանիշներին, այլև վճարման այն համակարգի, որ Հայաստանում օրենքով սահմանված է: Ի տարբերություն գրեթե բոլոր քիչ թե շատ նորմալ երկրների՝ Հայաստանում կենսաթոշակառուն երկրում չգտնվելու կամ անձամբ չներկայանալու պարագայում զրկվում է իր օրապահիկից՝ կենսաթոշակից: Թե հատկապես ինչով է պայամնավորված այս տխմար իրողությունն, անկեղծ ասած՝ այնքան էլ հասկանալի չէ, քանի որ զրկել մարդուն իր հասանելիքից միայն այն բանի համար, որ տվյալ պահին հանրապետությունում չի գտնվում, նշանակում է ընդամենը փնտրել ինչ-որ անհեթեթ պատճառաբանություն՝ սեփական պարտականությունից խուսափելու համար:
Այս առումով կցանկանայինք մի բարի խորհուրդ կամ, եթե կուզեք, խնդրանք հղել պարոն Արտեմ Ասատրյանին, ով թիվ մեկ պատասխանատուն է նմանատիպ հարցերի. եթե չեք ավելացնում առանց այն էլ ծիծաղելի կենսաթոշակի չափը, ապա գոնե բարի եղեք թոշակ ստանալու կարգը փոխել: Այդ ինչպե՞ս է, որ օտար երկրները մինչև վերջ իրենց քաղաքացիներին տիրություն են անում աշխարհի որ ծայրամասում էլ նրանք լինեն, իսկ մեր երկիրը կեղծ առիթ է փնտրում՝ ծերին ծերության թոշակ չտալու համար:
Հետո էլ մեզ հռչակել ենք սոցիալական երկիր կամ մարդասիրական արժեքների վրա հիմնվող հասարակություն: Ո՞ւր է մարդասիրությունը մի պարագայում, երբ մարդկանց փաստացի ապօրինաբար, բայց դե յուրե օրենքով՝ զրկում են հասանելիքից. այդքա՞ն է գնահատված մեր քաղաքացին սեփական պետության կողմից…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ