Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ կապված ԲՀԿ-ական ակտիվիստներին բերման ենթարկելու և ահաբեկելու հետ՝ դրանք որակելով իշխանության կողմից փետրվարի 20-ի հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված քայլ: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Փետրվարի 20-ին շտապ հանրահավաքի մասին իրազեկումից հետո՝ օրինական հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված իշխանության քայլերը վերածվել են քաղաքական ահաբեկչության լայնածավալ գրոհի։ Հանրահավաքը տապալելու համար իշխանությունն ընտրել է Համաժողովրդական շարժման դեմ ապօրինի բռնությունների, ահաբեկման ճանապարհը՝ այս անգամ որպես հիմնական թիրախ ընտրելով ԲՀԿ կառույցները և անհատներին։ Մասնավորապես ԲՀԿ տասնյակ ակտիվիստների բերման են ենթարկել Աջափնյակի, Արաբկիրի, Նուբարաշենի տարածքային գրասենյակներից և ժամեր շարունակ պահել ոստիկանական բաժանմունքներում, շինծու պատրվակներով մտել է նաև Շենգավիթի, Կենտրոնի և Մալաթիայի գրասենյակներ։ Խախտելով օրենքի պահանջը, համապատասխան ոստիկանական բաժանմունքները հրաժարվել են ներս թողնել բերման ենթարկվածներին այցելության գնացած ԱԺ պատգամավորների։
Ոստիկանական շարունակվող ապօրինություններն ու կամայականություններն, ըստ էության, ուղղված են ընդհանրապես Համաժողովրդական շարժման դեմ։ Դրանք վկայություն են իշխանության՝ քաղաքական լեզվով խոսելու անկարողության, ի դեմ փետրվարի 20-ի հանրահավաքի՝ սեփական ժողովրդի ու նրա կամքի հետ առերեսվելու վախի։
Հայ ազգային կոնգրեսը պահանջում է վերջ տալ ոստիկանական կամայականություններին, ահաբեկչական մեթոդներին։ Կոնգրեսը հայտարարում է, որ իր բոլոր կառույցնելով վճռականորեն կանգնած է լինելու յուրաքանչյուր բռնության ենթարկվածի կողքին, մինչև հաղթական ավարտ պայքարելու է Համաժողովրդական շարժման հռչակած նպատակների իրականացման համար»։