Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը փետրվարի 19-ին հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) խոսնակ Էէրո Հեյնյալուոմայի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգային հարցերը, կարևորվեց երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնումը։

 

 

Դեսպանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը Եվրոպական Միության և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր իրավական հիմքի ձևավորման կարևորությունը։

 

 

Բարձր գնահատելով արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը սատարելու ուղղությամբ Ֆինլանդիայի գործադրած ջանքերը՝ դեսպանը ներկայացրել է հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները: Զրուցակիցները կարևորել են հակամարտության կողմերի ստանձնած միջազգային պարտավորությունների և մասնավորապես խնդրի բացառապես խաղաղ կարգավորման պարտավորության անվերապահ կատարումը:

 

 

Դեսպան Ապիտոնյանը Էէրո Հեյնյալուոմային տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված առաջիկա միջոցառումների մասին: