ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է պրոֆեսիանալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին՝ տարեդարձի առթիվ.

 

«Հայկական բռնցքամարտի դպրոցը խոր արմատներ եւ հիանալի ավանդույթներ ունի, որոնց արժանապատիվ շարունակողն ես դու: Սակայն հայկական բռնցքամարտը նաև մեծ ներուժ ունի, եւ աշխարհի տարբեր ռինգերում քո տպավորիչ հաղթանակներով դու ոչ միայն շարունակում եւ մասսայականացնում ես ավանդույթները, այլեւ նորովի բացահայտում այդ ներուժն ու հաստատակամորեն իրացնում այն: Քո ձեռքբերումները, որոնցով հիանում ենք եւ որոնցով ոգևորվում են մեր ապագա չեմպիոնները, նաև հայկական բռնցքամարտինն են:

 

Մաղթում եմ քեզ առողջություն, շարունակական հաստատակամություն են ‚ նոր հաղթանակներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշված է շնորհավորական խոսքում:

 

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և Փոլ Սմիթի մենամարտը կկայանա փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազապալատաում: Նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին: Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Երեւանի ժամանակով սկիզբը ժամը 1.30 - 1.50-ի հատվածում (փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը):

 

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: 2004 թվականից բնակվում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: ՀՀ քաղաքացի լինելուց բացի' 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 45 մենամարտ, որոնցից 41-ում հաղթել է' համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: