ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել ֆրանսահայ անվանի երաժիշտ Ժան-Տեր Մերկերյանի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահի ուղերձում ասված է.
«Խորապես վշտացած եմ ֆրանսահայ մեծանուն ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան-Տեր Մերկերյանի մահվան կապակցությամբ:
Ժան-Տեր Մերկերյանի կատարողական արվեստը հայկական ու ֆրանսիական մշակութային այցեքարտ էր ողջ աշխարհում: Հայաստանյան ու միջազգային բազմաթիվ համերգասրահներում նրա մատուցած երաժշտությունը մոգական ուժով միավորում էր տարածության ու ժամանակի սահմանները՝ հիացնելով բազմալեզու հանդիսատեսին:
Չափազանց ջերմ էր Ժան-Տեր Մերկերյանի կապը հայրենիքի հետ, կապ, որի մեջ անսահման սեր ու նվիրվածություն, անկեղծություն ու գորով կար, ինչը մշտապես դրսեւորվում էր Հայաստան նրա յուրաքանչյուր այցի ու յուրաքանչյուր համերգի ժամանակ:
Անկեղծորեն ցավակցում եմ անվանի երաժշտի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»: