ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր մարզիկ, հայկական ֆուտբոլի իսկական լեգենդ Հարություն Քեհեյանի մահվան մասին: Հարություն Քեհեյանն ավելին էր, քան մարզիկը՝ որպես հայկական սպորտի հաջողությունների խորհրդանիշ, ում միջոցով մեր ֆուտբոլն իսկապես հայտնի դարձավ Հայաստանի սահմաններից դուրս, ում խաղը դիտարժան ու հետաքրքիր էր, ում ներկայությունը խաղադաշտում թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարզիչ սպասված ու վստահություն ներշնչող էր, ում մարզական կենսագրությունը սպորտին արժանապատվորեն ու սրտանց նվիրվելու վառ օրինակ է: Այդպիսին էր նաեւ նրա՝ ազնիվ մարդու, հայրենասեր հայի եւ հուսալի ընկերոջ ամբողջ կյանքը:
Անկեղծորեն ցավակցում եմ Հարություն Քեհեյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, ընկերներին ու նրա երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»: