Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահությանը' ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի մահվան կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունը, ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.
«Հարգելի ԵԺԿ անդամներ,
Մեծագույն վշտով տեղեկացանք ԵԺԿ նախագահ պարոն Վիլֆրիդ Մարթենսի անժամանակ մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս և կարեկցանքս եմ հայտնում այս անդառնալի կորստի կապակցությամբ:
Անգնահատելի է պարոն Մարթենսի ներդրումը Եվրոպայի քաղաքական միասնության, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածման գործում:
Հայաստանը բարձր է գնահատում պարոն Մարթենսի անձնական ավանդը «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության կայացման և առաջմղման հարցում:
Հիշարժան է նաև պարոն Մարթենսի անձնական նվիրումը Հայաստանի մերձեցմանը եվրոպական արժեհամակարգին և քաղաքական ընտանիքին: Նրա ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանի երեք կուսակցություններ դարձան ԵԺԿ անդամ:
Պարոն Մարթենսի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողություններում»: