Հայոց լեզվի պահպանության և զարգացման հարցերով մտահոգ գիտնականներն առաջարկում են վերաստեղծել Հայերենի բարձրագույն խորհուրդը: Մայրենիի օրվան նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումների շրջանակում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացված «Մեր լեզուն մեր հայրենինքն է» խորագրով գիտաժողովի ժամանակ խորհրդի կարևորությունը շեշտադրեց ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ին ստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:
«Այս գիտաժողովով մենք փորձում ենք արժևորել ու գնահատել հայերենի դերը հայ ազգի կյանքում, մեր պետականության համար, միևնույն ժամանակ ցանկանում ենք բարձրացնել խնդիրներ, որոնք այսօր ծառացել են հայերենի առջև: Սփյուռքում մենք ունենք լեզվի պահպանության խնդիր, իսկ լեզվի պահպանություն' նշանակում է նաև ազգի պահպանություն: Հայրենիքում ունենք գրական լեզվի անաղարտության պահպանման, լեզվի ուսուցման, կանոնարկման, լեզվի զարգացման խնդիրներ, որոնց ուզում ենք անդրադառնալ:
Մասնավորապես, մեր լեզվի կանոնարկման ու զարգացման առումով առաջարկելու ենք, որ ի վերջո Հայստանում ստեղծվի Հայերենի բարձրագույն խորհուրդ: Ժամանակին ունեինք Տերմինաբանական կոմիտե, որը գործում էր Կառավարությանն առնընթեր: Ես կարծում եմ, որ այսօր հրատապ է ունենալ այսպիսի խորհուրդ, որը կկանոնակարգի լեզուն ու կուղղորդի լեզվի զարգացումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Վիտոր Կատվալյանը:
Ըստ զեկուցողի' նշյալ խորհուրդը պետք է լինի ՀՀ կառավարությանը կից, որը պետք է լեզվական հարցերում Կառավարության գլխավոր խորհրդատուն լինի, քննարկի լեզվի զարգացման խնդիրները, երաշխավորի այդ փոփոխությունները, ոչ թե կարգադրի:
«Հայերենի բարձրագույն խորհուրդը պետք է մշակի գրական հայերենի կանոնարկման սկզբունքները' ըստ տարբեր ոլորտների' ուղղագրություն, ուղղախոսություն, տառադարձություն, տերմինաբանություն, քերականություն, բառապաշարի հարստացում և այլն: Խորհուրդը պետք է շարունակաբար որոշի կանոնարկման խնդիրների շրջան ակը և նախաձեռնի մասնագիտական քննարկումներ' պարբերաբար քննարկի արևելահայերենի ու արևմտահայերնեի փոխհարստացման, միասնական զարգացման հարցեր: Քննարկումների արդյունքում արված եզրահանգումները, որոշումները, բառացանկերը իր պարբերականում ներկայացնի հանրությանը, պարբերաբար ներկայացնի անհարկի փոխառությունների, օտարաբանությունների հայերեն համարժեքները, լեզվական սխալների մեկնաբանությունները, պարզաբանումները և այլն»,-շեշտեց Վիկտոր Կատվալյանը:
Լեզվի ինստիտուտի տնօրենի դիտարկմամբ' խիստ, վարչահրամայական մեթոդներ կիրառելու անհրաժեշտություն չկա, քանի որ լեզուն կենդանի օրգանիզմ է, որի զարգացման համար ուղենիշեր պետք է սահմանել:
Վիկտոր Կատվալյանը պակաս կարևոր չի համարում նաև երիտասարդների կողմից գեղեցիկ հայերենով խոսելու հարցը: «Ես առաջարկություններ ունեմ նաև կրթության ոլորտի առումով. կարծում եմ հայերենի ուսուցումը կրթական համակարգում չպետք է հետապնդի միայն քննություններին նախապատրաստվելու նպատակ կամ քերականության սոսկ ուսուցում, այլ պետք է նպաստի նրան, որ հայ մարդը կարողանա սովորել գեղեցիկ խոսել: Այսօր դա հրամայական է, քանի որ լեզվի աղավաղումները տեսնում ենք ամենուր: Ժարգոնային, գռեհիկ արտահայտությունները ներթափանցել են նույնԻսկ հրապարակային խոսք, այդ ամենի առաջն առնելու համար, անշուշտ, կրթական համակարգում պետք է հատուկ դասընթաց լինի' ուղղված գեղեցիկ խոսք կառուցելուն»,- նշեց Վիկտոր Կատվալյանը:
Հայերենի բարձրագույն խորհուրդ Հայաստանում գործել է տարիներ առաջ: Այն կազմավորվել է 1995-ի հոկտեմբերին ՀՀ լեզվի պետական տեսչությանը կից (հաջորդել է 1994-ին լուծարված «Նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեին)։ Գործել է մինչև 2006 թվականը: Խորհրդի նպատակն էր հայոց լեզվում լեզվաշինական աշխատանքները ղեկավարելը, ժամանակակից գրական հայերենի հարստացմանն ու զարգացմանը նպաստելը։
Փերվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր», հայ ժողովուրդն այդ օրը նշում է Հայերենի օրը: