Աբխազիայի ընդդիմությունը իր կողմից ստեղծված «ժողովրդական վստահության ժամանակավոր խորհրդին» հանձնարարել է կատարել պետական կառավարման բարձրագույն մարմնի գործառույթները եւ իր աշխատանքը համաձայնեցնել խորհրդարանի հետ: Այդ մասին հաղորդել է Աբխազիայի պետական լրատվական գործակալությունը: Ժամանակավոր խորհուրդը ներառում է հիմնականում ընդդիմադիր Համակարգող խորհրդի ներկայացուցիչներին, դրա մի քանի անդամներ պատգամավորներ են:
Մայիսի 29-ին Աբխազիայի խորհրդարանը ընդդիմության բողոքի ակցիաների պայմաններում որոշում է ընդունել հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու մասին եւ առաջարկել է Աբխազիայի նախագահին կամավոր վայր դնել լիազորությունները: Բացի «ժամանակավոր խորհրդից», աբխազական ընդդիմությունը մտադիր է երկու օրվա ընթացքում կազմել ժամանակավոր կառավարություն, որը կաշխատի մինչեւ նախագահական ընտրությունները, որոնք Ալեքսանդր Անկվաբի հրաժարականի դեպքում կանցկացվեն երեք ամսվա ընթացքում:
ՌԻԱ Նովոստի գործակալության տվյալներով՝ ժամանակավոր խորհրդի ստեղծման մասին ընդդիմության կողմնակիցների հանրահավաքում հայտարարել է նրա առաջնորդներից մեկը, ինչից հետո հավաքվածները պաշտպանել են այդ որոշումը եւ քվեարկել խորհրդի 21 անդամներից յուրաքանչյուրի շուրջ:
Մինչդեռ, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հրաժարվել է պաշտոնաթող անել կառավարությանը եւ հայտարարել. որ վայր չի դնի իր լիազորությունները:
Ընդդիմությունը հրաժարականի վերաբերյալ պահանջին Անկվաբի արձագանքը համարել է «իշխանությունից կառչելու անմիտ փորձ»:
«Իշխանությունից կառչելու անմիտ փորձեր, երբ չկան ոչ ռեսուրսներ, ոչ վերադառնալու հնարավորություններ»,- հայտարարել է ընդդիմության ղեկավարներից մեկը՝ ժողովրդական խորհրդի անդամ Սերգեյ Շամբան: