Հայաստանում առկա է անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների ապօրինի ներկրման և արտահանման խնդիրը, և պատահական չէ, որ 2009 թ. Հայաստանը միացել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային արևտրի մասին» կոնվենցիային:

 

 

Այս մասին փետրվարի 23-ին լրագրողներին տեղեկացրեց բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը' այսօր Երևանում մեկնարկած կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ սեմինարի ընթացքում:

 

 

«Դրա դեմ պայքարը շարունակվում է, և, բնականաբար, ամեն օր խնդիրներ են առաջանում, սակայն այսօրվա միջոցառումը շատ կարևոր է, որպեսզի ներգրավենք հասարակական կազմակերծություններին, ԶԼՄ-ներին և հանրությանը, գիտելիքներով վերազինենք խնդրի հետ անմիջականորեն առնչվող գերատեսչությունների ներկայացուցիչներին», - ասաց Խաչիկ Հակոբյանը:

 

 

Նա հիշեցրեց, որ առ այսօր Հայաստանը միացել է տասնվեց բնապահպանական միջազգային կոնվենցիաների, որոնցից հինգը կարգավորում են կենսաբազմազանության հետ կապված խնդիրները: Հայաստանի կարմիր գրքում գրանցված վայրի կենդանական 99 և բուսական 387 տեսակներից միայն 55-ն են գրանցված CITES-ի առաջին կամ երկրորդ հավելվածներում:

 

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը նկատեց, որ կենդանատեսակների և բուսատեսակների ապօրինի ներկրումն ու արտահանումը Հայաստանում հանդի սանում է լուրջ հիմնախնդիր: Նա հղում կատարեց ազդեցիկ «Գարդիան» թերթում վերջերս տեղ գտած հրապարակմանը, որտեղ Հայաստանը նշված է որպես ապօրինի վայրի կենդանատեսակների և բուսատեսակների տեղափոխման տարանցիկ երկրներից աշխարհում առաջիններից մեկը:

 

 

«Մեզ մոտ առաջացած խնդրի պատճառներից մեկը՝ հանրային և համապատասխան մարմինների իրազեկվածության պակասն է կոնվենցիայի նկատմամբ: Այս սեմինարը հենց ուղղված է հանրային իրազեկության բարձրացմանը», - ասաց Եվա Մարտիրոսյանը:

 

 

Այն համատեղ իրականացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ՀՀ բնապահպանության նախարարությունը և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամը: