Ոչ ոք չի կարող Իրանին մեղադրել այն բանում, որ նրա միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ չի կրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը, այդ մասին փետրվարի 23-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

 

 

«Նրանք, ովքեր պատժամիջոցներ են սահմանում Իրանի դեմ, և նրանք, ովքեր փորձում են Իսլամական Հանրապետության միջուկային խնդրի լուծման հարցը պայմանավորել անվտանգության հարցերով, հիանալի իրազեկված են իրանական ժողովրդի ու կառավարության հիրավի խաղաղ նպատակների մասին»,-ասել է Ռոուհանին «Չմիանալու շարժման երկրների» գիտության և տեխնոլոգիաների նախարարների՝ Թեհրանում բացված խորհրդաժողովում:

 

 

«Իրանական ժողովուրդը վիթխարի ճնշման տակ է հայտնվել միայն այն պատճառով, որ պաշտպանում է միջուկային տեխնոլոգիաներից ծգտվելու իր անքակտելի իրավունքը՝ դրանք քաղաքացիական նպատակներով օգտագործելու համար»,- հավելել է Ռոուհանին:

 

Նա համոզված է, որ Արևմուտքի երկրները խտրականություն են դրսևորում գիտության բնագավառում նվազ զարգացած երկրների վրա ճնշում գործադրելու համար՝ նպատակ ունենալով դրանցում պահպանել տնտեսական հետամնացությունն ու գործազրկությունը: Նախագահը կոչ է արել անկախ պետություններին՝ կոլեկտիվ քաղաքականություն մշակել այդ միտմանը հակազդելու համար: Խոսելով «ուղեղների արտահոսքի» խնդրի մասին՝ Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարն ընդգծել է, որ այն անկարելի կլինի լուծել այնքան ժամանակ, քանի դեռ պետությունների այդ խմբում չեն մշակվել բարեփոխումներ, որոնք կապեր կհաստատեն գիտության ու արդյունաբերության միջև:

 

 

Ոչ զարգացած տնտեություն ունեցող երկրների մյուս սուր հիմնախնդիրների թվում Հասան Ոոուհանին նշել է աղքատությունն ու գործազրկությունը, որոնք «լավ սնուցիչ միջավայր են դարձել աշխարհում ծայրահեղականության և բռնության համար»:

 

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Չմիանալու շարժման երկրների՝ գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովն առաջինն է դարձել իր տեսակի մեջ: Դրան մասնակցում են 58 պետությունների ներկայացուցիչներ, շարժման երկրների 31 նախարարներ, ինչպես նաև մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Զարգացող ութ պետությունների տնտեսական զարգացման կազմակերպության, Գիտության, կրթության եւ մշկույթի իսլամական կազմակերպության, Զարգացման իսլամական բանկի, Աֆրիկյան միության ներկայացուցիչները: