Հայաստանի Կառավարությունն օրերս սահմանեց հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների հետ վերադարձման կարգը, որով հիփոթեքային վարկ վճարողները ազատվում են եկամտային հարկից՝ վարկի տոկոսադրույքի չափով։ Համաձայն կարգի՝ պետությունը փոխհատուցում է 2014թ. նոյեմբերի 1-ից հետո ձեւակերպած հիփոթեքի տոկոսները, եթե բնակարանը ձեռք է բերվում անմիջապես կառուցողից կամ կառուցվում է սեփական տուն։ Կատարված փոփոխության, հիփոթեքային շուկայի և վարկավորման խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Ազգային հիփոթեքային ընկերության տնօրեն Հայկ Ոսկանյանի հետ։


-Հիփոթեքային շուկան նախորդ տարի գրանցել է շուրջ 2 տոկոսի աճ, այնինչ,2013-ին աճը կազմում էր ավելի քան 12 տոկոս։ Կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ հիփոթեքային վարկերի պահանջարկն անկում է ապրում։

 

- Հիփոթեքային վարկերի որոշակի աճ կա, բայց պետք է հաշվի առնել, որ ակտիվ առևտուրը պայմանավորված է լինում բնակչության եկամուտների աճով։ Եթե բնակչության եկամուտներն աճեն, հիփոթեքի նկատմամբ պահանջարկը ևս կակտիվանա։ Նայել և ասել, որ Հայաստանում բնակարանային խնդիր չկա, սխալ կլինի։ Այն իրավիճակը չէ, որ բոլորը կարող են կանխիկ դրամով տուն ձեռք բերել, հետևաբար պետք է դիմեն հիփոթեքային վարակավորմանը։ Այստեղ շատ կարևոր է հոգեբանական գործոնը, այսինքն' մարդիկ սովորաբար երբ բացասական սպասումներ են ունենում հետաձգում են երկարաժամկետ սպառման ապրանք ների վրա ծախսերը, նույնը վերաբերվում է նաև բնակարաններին:


-Նախորդ տարվա վերջին դրամ-դոլար փոխարժեքային տատանումներից հետո բանկերը սկսեցին վերանայել տոկոսադրույքները։ Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները ինչպե՞ս են փոփոխվել։

 

-Վարկային տոկոսադրույքների ընդհանուր աճ է նկատվել, չնայած դրան մեր կողմից վերաֆինանսավորվող վարկերի համար նախորդ տարի միջին տոկոսադրույքը կազմել է 13 տոկոս, որն այս տարվա համար պահպանվել է գրեթե նույն մակարդակի վրա:

 

- Այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը հաջորդաբար երկու անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բանկերը հրաժարվում էին վարկեր տրամադրել։ Արդյո՞ք հիփոթեքային վարկավորման ժամանակ ևս առաջացավ այս խնդիրը։

 

- Բանկերն իրենց վարկերի տոկոսադրույքները փոխում են, երբ միջոցների ներգրավման տոկոսադրույքն է փոխվում։ Մեր դեպքում տոկոսադրույքները չեն փոխվել, մենք բանկերին վերաֆինանսավորում ենք նույն տոկոսադրույքով։ Ինչպես նշեցի մեր ծրագրով նրանց կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները նույնպես չեն փոխվել: Մյուս կողմից, բանկերի և վարկային կազմակերպությունների համար մեր ծրագրի շրջանակներում նպատակահարմար չէ բարձրացնել տոկոսադրույքը, քանի որ մրցակցությունը մեծ է, իսկ տոկոսադրույքների բարձրացումը կարող է հանգեցնել հաճախորդների թվի կրճատման՝ հաճախորդները մեր մի գործընկերոջ մոտից կգնան մյուսի մոտ:

- Նշեցիք, որ նույն պայմաններով եք իրականացնում վերաֆինանսավորումը։ Այս ընթացքում կարիք եղե՞լ է ավելացնելու ձեռք բերվող ֆինանսական միջոցները, այսինքն հիփոթեքային շուկան կարիք ո՞ւնի նոր վարկային միջոցների։

 

-Եթե նայենք վերջին տարիների ցուցանիշներին, հիփոթեքային շուկան բավականին աճել և զարգացել է։ Այս ընթացքում մենք ֆինանսական միջոցներ ենք ներգրավել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից։ Նրանց կողմից տրամադրվող ֆինանսավորման (այն գործում է «Ջերմ օջախ» բրենդի տակ) առաջին տրանշը, ստացել ենք և ներկայումս տեղաբաշխում ենք, իսկ հաջորդ երկու տրանշները ստանալու ենք ավելի ուշ։ Խոսքը գնում է 13 մլն դոլարի մասին։ Շարունակելու ենք նաև պարտատոմսերի թողարկումները, աշխատանքներ են տարվում նաև հիփոթեքով ապահովված պարտատոմսերի թողարկման ուղղությամբ։

 

-Շինարարության ոլորտում երբ հարց է հնչում, թե ինչու աճ չի գրանցվում, պատասխանատուներն ասում են, որ հիփոթեքային վարկավորումը նպաստավոր չի, դրա համար էլ մարդիկ չեն ձգտում գնել ամնշարժ գույք, և շինարարությունը չի աճում։ Համաձա՞յն եք արդյոք այդ տեսակետի հ ետ։

 

-Եթե շինարարությանը նայում ենք որպես բիզնեսի, ապա պետք է բանկի գործունեությանը ևս նայել որպես բիզնեսի, քանի որ դա իրականում այդպես է։ Բանկերը չեն կարող ներգրաված միջոցներից ավելի ցածր տոկոսադրույքով ֆինանսավորում իրականացնել։ Նրանք չեն կարող նաև կարճաժամկետ ավանդներ ներգրավել և երկարաժամկետ ֆինանսավորում իրականացնել։ Բնականաբար, շինարարական սեկտորի համար շատ կարևոր է պահանջարկը, սակայն դրա համար առաջին հերթին պետք է տնտեսական աճ լինի և բնակչության եկամուտները ավելանան, որն էլ կբերի վարկառուների վարկունակության բարձրացման և ցած ր ռիսկերի։ Շղթան սկսվում է այդտեղից։

 

-Ներկա պահին որքանո՞վ է ակտիվ հիփոթեքային վարկավորումը մարզերում և հեռավոր վայրերում։ Ինչպիսի՞ն է գործարքների հարաբերությունը Երևանի հետ համեմատած։

 

-Իհարկե, Երևանում գործարքներ ավելի շատ են կատարվում։ Դա պայմանավորված է մի քանի գործոններով։ Առաջին՝ Երևանում ապրում են հանրապետության բնակչության շուրջ կեսը, երկրորդ՝ բնակարանային շինարարությունն այստեղ ավելի շատ է կատարվում։ Բացի այդ, հաճախ մարզերում ապրողները բնակարաններ են գնում Երևանում։ Ընդհանուր ծավալի տեսանկյունից՝ մեր տարամադրած 41.5 մլրդ դրամի վարկավորման մոտ 31 մլրդ դրամը Երևանում է կատարվել։ Բնականաբար, մարզերում ևս տրամադրվում են հիփոթեքային վարկեր, նախապայմաններ կամ տարբերակում չունենք, սակայն պետք է հաշվի առնել նաև , որ այստեղ ազդեցություն ունի բնակարանի գինը, քանի որ Երևանում բանակարաններն ավելի թանկ արժեն։


-Կառավարության որոշումը՝ եկամտային հարկի հետվերադարձի մասին, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ ընդհանուր հիփոթեքային շուկայի վրա։ Ի՞նչ կարելի է ակնկալել այս որոշումից։

 

-Որոշումը շարունակությունն է «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխությունների, որով սահմանվում է հետ վերադարձման կարգը: Բնականաբար, դա իր դրական ազդեցությունը կթողնի վարկավորման ծավալների վրա, քանի որ, եթե անհատի վճարած եկամտային հարկը ավելի շատ է, քան հիփոթեքի տոկոսները, ապա տվյալ հիփոթեքային վարկը փաստացի դառնում է 0 տոկոսով: Սա էական ազդեցություն կունենա մարդկանց եկամուտների և վարկի մարման գումարների հարաբերակցության վրա, որը, ինչպես գիտենք ազդում է անհատների վարկունակության գնահատականի վրա: Այսպես, Ազգային հիփոթեքային ընկ երության վարկերի որակի նվազագույն ստանդարտների հիման վրա անհատների բոլոր պարտադիր վճարների (բոլոր վարկերի մարումների) և եկամտի առավելագույն հարաբերակցությունը պետք է լինի ոչ ավելի, քան 45%, այն դեպքում երբ եռամսյակը մեկ պետությունը հետ է վերադարձնում վճարված տոկոսները այդ գործակիցը ավելի է փոքրանում, քանի որ անձի ամսական վճարները պակասում են տոկոսագումարի հաշվին: Պետք է նշել նաև, որ Կառավարության որոշմամբ բավականին պարզ ընթացակարգ է սահմանված և մարդիկ կարող են մեկ անգամ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո յուրաքանչյուր եռամս յակ հետ ստանալ իրենց տոկոսագումարների բանկային հաշվի վրա:

 

 

Հարցազրույցը` Գոհար Ավետիսյանի