Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում, խոսելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման մասին, հանդես է եկել ապակառուցողական հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանի արտգործնխարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Ցյուրիխյան արձանագրությունների վավերացման համար Չավուշօղլուն առաջ է քաշել նախապայման:
«Որպեսզի Ցյուրիխյան արձանագրությունները կյանքի կոչվեն, Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ: Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի տարածքները»,- նշել է Չավուշօղլուն:
Մամեդյարովը ևս համանման հայտարարություններով է հանդես եկել' հիշեցնելով ադրբեջանական կողմից մշտապես չարչրկվող ՄԱԿ-ի բանաձևերը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին տարածաշրջան' Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ համանախագահներն առաջարկել են ստեղծել «աշխատանքային խմբեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»: