Էկվադորում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ սև շոկոլադը: 45-գրամանոց շոկոլադե սալիկի գինը կազմել է 169 եվրո:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, քաղցրեղենը ստացել է To’ak անվանումը, որն ուտում են հատուկ փայտիկների միջոցով: Շոկոլադն արտադրողները հավաստիացնում են, թե այսպես կարելի է զգալ To’ak-ի համը:

 

 

Ընկերության համահիմնադիր Ջերի Տոտը նշել է, որ իր աշխատակիցները շոկոլադի արտադրությանը վերաբերում են նույնքան ուշադրությամբ, որքան էլիտար գինի կամ վիսկի պատրաստողներն իրենց արտադրանքին:

 

 

Հատկանշական է, որ կակաոյի յուղը շոկոլադում կազմում է 81 տոկոս: Նրա պատրաստման համար օգտագործվում է հազվադեպ հանդիպող կակաոյի տեսակը, որն աճեցնում են միայն Խաղաղ օվկիանոսի ափերին՝ Էկվադորի արևմուտքում:

 

 

Ընկերության մյուս համասեփականատեր Կարլ Շվայցերը նշել է, որ շոկոլադն աշխարհում ամենաթանկ սև շոկոլադն է, եթե հաշվի չառնենք ուտելի ոսկով կամ ադամանդերով պատրաստված շոկոլադները: