Հարավային Կովկասում ճանաչողական այցի շրջանակներում փետրվարի 21-ին հնգօրյա աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Կոսինսկի Ֆրիցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից, Սյուզան Կոսինսկի Ֆրիցն այցելել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի իրականացման մի շարք վայրեր և հանդիպել Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, զբոսաշրջության ոլորտի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ: Տիկին Ֆրիցը կառավարում է Եվրոպայի և Եվրասիայի 13 երկրներին, այդ թվում՟ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ՄԶԳ օժանդակության $200 միլիոն արժողությամբ տարեկան բյուջեն:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում տիկին Ֆրիցը կարևորել է աջակցության երեք համաձայնագրերի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը տնտեսական զարգացման, ժողովրդավարության (ներառյալ քաղաքացիական հասարակության) և կառավարման, ինչպես նաև առողջապահական ու սոցիալական բարեփոխումների ոլորտներում: Կողմերը քննարկել են ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունները, ՀՀ կառավարության մի շարք ընթացիկ մարտահրավերներ ու առաջնահերթություններ, երկրի բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև բաց երկնքի քաղաքականությանը, հակակոռուպցիոն քայլերին, քաղաքացիական հասարակությանն ու ապակենտրոնացմանն առնչվող հարցեր: ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ քննարկվել են Հայաստանի տեսլականը և առաջընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրման գործընթացում, ինչպես նաև ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ներկայիս առաջնահերթությունները:

 

Այցի շրջանակներում տիկին Ֆրիցը այցելել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող մի շարք հաստատություններ, այդ թվում' Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, Երևանի թիվ 2 գիշերօթիկ դպրոց և Վանաձորի Ինֆոտուն: ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյան նաև մասնակցել է կլոր սեղան քննարկումների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և զբոսաշրջության ոլորտի գործընկերների հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և հայ-թուրքական միջսահմանային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը:

 

Փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցի այցը նշանավորում է ԱՄՆ ՄԶԳ-ի երկու տասնամյակների համագործակցությունը Հայաստանի հետ: Հայաստանի կառավարության հետ ներկա համաձայնագրերի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը Հայաստանին ուղղված է բարձրացնելու երկրի տնտեսական մրցունակությունը, նպաստելու քաղաքացիական մասնակցությանը և լրատվամիջոցների լայն շրջանակի հասանելիությանը, ընդլայնելու որակյալ առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիությունը, և օգնելու երկրի առավել անապահով քաղաքացիներին հաղթահարել աղքատությո ւնը: