Իշխանությունների հետ կոալիցիա կազմելը երբեք չի կարող ինքնանպատակ լինել այնպիսի կուսակցության համար, ինչպիսին ՀՅԴ-ն է, որն ունի հստակ գաղափարախոսություն: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն պատրաստվո՞ւմ է կոալիցիա մտնել՝ հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովից հետ է կանչել Հայ-թուրքական արձանագրությունները:

 

«Մենք մեր գաղափարներն ամբողջությամբ ներկայացրել ենք մեր 7 կետերի շրջանակում: Ասել ենք, որ, բնականաբար, չի կարող լուրջ համարվել մի քաղաքական ուժ, որը հրաժարվում է իր մոտեցումներից և գաղափարներից, ինչպես մենք տեսնում ենք այլ քաղաքական ուժերի կողմից: Մեզ համար նման գործելաոճն անընդունելի է: Անհասկանալի է, թե ինչպես կարող է քաղաքական ուժը երկար ժամանակ մի բան պահանջել, սակայն հետո, երբ տեսնի, որ բավարարում են այդ պահանջները, փոխի իր դիրքորոշումը և սկսի հակառակն ասել»,- ասաց Ռուստամյանը:

 

Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի մոտեցումները հստակ են, և կուսակցության միակ նպատակն այդ մոտեցումների իրականացմանը հասնելն է: «Մենք ներկայացրել ենք մեր առաջարկները 7 կետի տեսքով: Եթե դրանք ընդունվեն՝ մենք չենք կարող հրաժարվել համագործակցությունից»,- ասաց Ռուստամյանը:

 

Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.