Բաքվի Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսին կալանքի տակ պահելու մասին' մերժելով կալանքը վերացնելու հայցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:
Յունուսի փաստաբան Աֆգան Մամեդովն ադրբեջանական դատարանի կայացրած որոշումն անարդար ու չհիմնավորված է անվանել' նշելով, որ անօրինական է կալանքի ժամկետի երկարաձգումը:
Դատարանը կայացրած որոշումը պայմանավորել է այն հիմնավորմամբ, թե ազատության մեջ Արիֆը «կարող է թաքնվել գործի քննությունից, օգտվելով իր հեղինակությունից' կարող է ազդել վկաների վրա»:
Լեյլա և Արիֆ Յունուսները երկար ժամանակ ադրբեջանական իշխանությունների կողմից հետապնդվելուց հետո ձերբակալվել են: Նրանք մեղադրվում են տարատեսակ հանցանքների, այդ թվում և հայերի օգտին լրտեսություն անելու և պետական դավաճանության մեջ: