Դատարանը Վաշինգտոնում որոշել է չձերբակալել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 2020թ. ընտրություններին միջամտելու եւ Կապիտոլիումի դեմ գրոհի գործով, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Դատախազությունը չի պնդել, որպեսզի Սպիտակ տան նախկին ղեկավարը ձերբակալվի՝ նշելով, որ նա պետք է պարտավորվի ներկայանալ կանչի դեպքում եւ հետեւել օրենքներին։
Դատարանն այս պահանջը բավարարել է, ինչից հետո ինքը՝ Թրամփը, համաձայնել է առաջադրված պայմաններին, որոնցից մեկը հանձնվելն է մեղադրական որոշման կայացման դեպքում։
Քաղաքական գործիչը բազմիցս ընդգծել է, որ չի ընդունում իրեն վերագրվող հանցագործությունների մեղքը։ Նա իր դեմ առաջադրված մեղադրանքները համարում է իրեն 2024թ. նախագահական ընտրություններից դուրս թողնելու փորձ։ Վերջին հարցումների արդյունքներով՝ Թրամփն ունի Հանրապետական կուսակցության թեկնածուն դառնալու բոլոր շանսերը։
Բացի այդ, նախկին նախագահին արգելել են քննարկել գործի մանրամասները սեփական իրավաբաններից բացի ուրիշ որեւէ մեկի հետ։
Թրամփը կատարվածը գնահատել է որպես քաղաքական հետապնդում եւ հայտարարել «Ամերիկայի համար տխուր օրվա մասին»։
Գործով հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 28-ին։
Նախօրեին ատենակալների մեծ ժյուրին համաձայնեցրել էր Թրամփի դեմ մեղադրական եզրակացությունը 2020թ. նախագահական ընտրություններին միջամտելու գործով։ Նրանք խնդրել են նրան պատասխանատվության ենթարկել «ԱՄՆ-ին խաբելու դավադրության», «պաշտոնական ընթացակարգերին միջամտելու նպատակով դավադրության», «պաշտոնական ընթացակարգերին միջամտելու եւ միջամտելու փորձի» եւ «իրավունքների դեմ դավադրության» համար։ Այս եզրակացության համաձայն՝ Սպիտակ տան նախկին ղեկավարին սպառնում է 50 տարվա բանտարկություն։