Tert.am Կանադայի դատարանը որոշում է կայացրել մակակա-ռեզուսին, որը հայտնի է որպես վերարկուով կապիկ, չվերադարձնել իր տիրոջը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Huffington Post-ին:
Դատարանի նման որոշման պատճառ է հանդիսացել այն փաստը, որ այն պահից, երբ Դարվին մականունով կապիկը փախուստի է դիմել, կենդանու տերը՝ Յասմին Նախուդան, կորցրել է նրա տերը համարվելու իր իրավունքը: Դատարանի որոշմամբ՝ Դարվինը մնալու է վայրի կենդանիների համար նախատեսված հատուկ ապաստանում:
Դատավորը հայտնել է, որ Նախուդան չի կարողացել պատշաճ կերպով հոգ տանել կապիկի մասին, քանի որ փորձել է նրան ընտելացնել և վարժեցնել, ինչը բացասաբար է անդրադարձել վայրի կենդանու վրա:
Վերարկուով կապիկի պատմությունը գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը 2012 թվականից, երբ կանադական IKEA-ի տարածքում մարդիկ տեսել են մակակայի՝ տաք վերարկուով և մանկական տակդիրով: Կապիկի լուսանկարներն արագ տարածվել են սոցիալական ցանցերում: Ավելի ուշ պարզվել է, որ կենդանին փախել է տիրոջ ավտոմեքենայից: