ԱՄՆ Քենթ վարչական շրջանի դատարանը եռօրյա դատավարությունից հետո սպանության փորձի մեջ է մեղադրել հայազգի, 29-ամյա Արթուր Գրիգորյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով MLive մեդիաընկերության կայքը, երիտասարդը ցանկացել է սպանել 26-ամյա կնոջը, ապա ինքնասպ ան լինել: Գրիգորյանն այժմ կալանավորված է, սակայն բանտարկությունը կրելու է Հայաստանում: ԱՄՆ իրավապահները նրան արտահանձնելու են հայրենիք:
Գրիգորյանի կինը դատավորին պատմել է , որ ինքն ամուսնու և փոքր երեխայի հետ ԱՄՆ է տեղափոխվել 2011 թվականի մայիսինˋ «Գրին քարտ» ստանալուց հետո: Նրա խոսքովˋ ամուսինը գնալով պարանոյիկ և խանդոտ վարքագիծ է դրսևորել, որի պատճառով ինքն ստիպված է եղել խզել հարբերությունները: Սակայն, անսալով Հայաստանում բնակվող մոր հորդորեներին, ով դեմ էր բաժանմանը, որոշել է հանդիպել Գրիգորյանի հետ օգոստոսի 4-ինˋ տեսնելու համար' արդյոք հնարավո՞ր է կարգավորել իրենց հարաբերությունները: Հանդիպումը աստիճանաբար վեճի է վերածվել: Կնոջ վկայությունների համաձայնˋ Գրիգորյանը նրան մեղադրել է անհավատարմության մեջ և պահանջել ասել երևակայական սիրեցյալի տեղըˋ հանելով ատրճանակը: Կինը սկսել է դիմադրել, կրակոց եղել, որից կերծվել է կնոջ ուսը, փշրվել է նրա մեքենայի ապակին:
Կինը երեք անգամ փորձել է փախչել, սակայն ամուսինը քաշել է մազերից և հետ նստեցրել մեքենան: Երբ նրան վերջապես հաջողվել է փրկվել, Գրիգորյանը ատրճանակը դրել է կզակին և քաշել ձգանը: Գնդակն անցել է ականջի մոտովˋ թողնելով նրան կենդանի, սակայն պատռելով ականջի թմբկաթաղանթը:
Մեղադրյալի դատապաշտպան Դամիան Նունզիոնը դատարանում պնդել է, որ Գրիգորյանը ցանկացել է միայն ինքն իրեն վնասել և ոչ կնոջը: