Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը մտադիր Է մարտի 21-ին Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա անցկացնել կառավարության հրաժարականի պահանջով, որը, նրանց խոսքով, անկարող Է կանգնեցնել ազգային արժույթի՝ լարիի արժեզրկումը, տեղեկացնում Է «Արմենպրես»- ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն սկսել Է ակտիվորեն նվազել անցյալ տարվա նոյեմբերի 20-ից եւ վերջին սակարկությունների արդյունքում հաստատվել Է 1 դոլարի դիմաց 2,1654 լարիի նշագծին: Մինչ այդ Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը եղել Է 1 դոլարի դիմաց 1,74-1,76 լարի:
«Բացի այն, որ կառավարությունը կոնկրետ պլան չունի, նրանք արդեն չեն լսում ժողովրդին: Ուստի մենք, որպես ընդդիմադիր ուժ, պարտավոր ենք այնպես անել, որ նրանք լսեն այդ ձայնը»,-ասված Է հայտարարության մեջ:
Բողոքի ակցիան պլանավորված Է անցկացնել Ռուսթավելու պողոտայում:
Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն փետրվարի 27-ին հայտարարել Է, որ բանկը չի պատրաստվում իր արժութային պաշարներն օգտագործել լարիի փոխարժեքը կայունացնելու համար: «Լարիի արժեզրկումը պայմանավորված Է հիմնարար տնտեսական գործոններով… Հիմնարար տնտեսական գործոնները, մասնավորապես, արտահանման, դրամական փոխանցումների եւ զբոսաշրջիկների թվաքանակի նվազումը, պաշարներով փոխարինելը ոչ միայն ոչ ճիշտ տնտեսական որոշում Է, այլեւ հակարդյունավետ Է եւ ապարդյուն»,-հայտարարել Է Կադագիձեն:
Նրա խոսքով՝ Վրաստանի արժութային պաշարները հանրապետության ֆինանսական կայունության երաշխավորն են, եւ դրանց օգտագործումը բացասաբար կազդի երկրի վրա:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այն կարծիքին է, որ ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի անկման շուրջ արհեստական հիստերիա է ստեղծվել, եւ հայտարարում է, որ կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իրադրությունը կայունացնելու համար:
«Կառավարությունը մոբիլիզացված է: Մենք սերտ կապի մեջ ենք Ազգային բանկի հետ, եւ ես կարծում եմ, որ հիստերիկան իրոք արհեստականորեն է ստեղծվել, դա հատկապես վերաբերում է ԶԼՄ-ներին: Մեզ անհրաժեշտ է հանգստացնել, նորմալացնել ու կայունացնել իրադրությունը: Ցանկանում եմ ասել, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի վիճակը շտկենք հնարավորինս արագ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Փետրվարի 26-ին Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին տարածել է հատուկ հայտարարություն, որում Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեին մեղադրել է անգործության մեջ, ինչը հանգեցրել է «ազգային արժույթի ճգնաժամին»: Նրա խոսքով՝ բոլոր օբյեկտիվ գործոնների հաշվառմամբ լարիի փոխարժեքը չպետք է գերազանցի ԱՄՆ-ի մեկ դոլարի դիմաց երկու լարին, եւ Ազգային բանկի նախագահը պետք է «համարժեք քայլեր» ձեռնարկի: