Հեռաբժշկության ցանցի ստեղծման առաջին աշխատանքներն իրականացնելու նպատակով, Հայաստան է ժամանել տեխնիկական մասնագետների խումբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանի և Հնդկաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն, Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և մարզային 9 բժշկական կենտրոններին կհատկացվեն հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ:

 

Դա հնարավորություն կստեղծի այդ հիվանդանոցների և Հնդկաստանի, ինչպես նաև այլ երկրների առաջատար բժշկական հաստատությունների միջև կազմակերպել մասնագիտական խորհրդատվություն, փորձի և գիտելիքների փոխանակում, ինչը կբարձրացնի հիվանդությունների ախտորոշման և բուժման մակարդակը:

 

 

Հեռաբժշկության ցանցի ստեղծումը միաժամանակ կնպաստի բժշկական կազմակերպությունների մասնագետների միջև գիտակրթական կապի հաստատմանը: Հնդկական կողմի աջակցությամբ Հայաստանի բժիշկների, բուժքույրերի, հեռաբժշկության ոլորտում տեխնիկական աշխատողների համար կկազմակերպվեն նաև շարունակական զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր: Հեռաբժշկության զարգացման գործում Հնդկաստանը մեծ փորձ ունի և այդ երկրի աջակցությունը խիստ օգտակար կլինի մարզային բժշկական կենտրոնների աշխատանքի բարելավման, ինչպես նաև հայ մասնագետների որակավորման բարձրացման ուղղnւթյամբ: Ծրագրի իրականացումը կարևոր է նաև մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների հոսքը կանխելու տեսանկյունից:

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2014թ. հունիսին: