Երկու պետությունների իրական հարաբերությունները կառուցում են ժողովուրդները, այլ ոչ թե կառավարությունները: Նման կառավարություններից որոշները կործանարար և մեկուսացնող քաղաքականություն են վարում, ինչը չի ծառայում երկու ազգերի իրական շահերին: Այսպիսի քաղաքականություն վարում է Էրդողանը՝ աջակցելով ծայրահեղական խմբավորումներին:

 

Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի գլխավորած թուրքական պատվիրակության ընդունելության ժամանակ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ասադը նաև ավելացրել է, որ ահաբեկչության դեմ պայքարը մղվում է ոչ միայն ահաբեկիչների դեմ պայքարով, այլ նաև ժողովուրդների միջոցով՝ ճնշում գործադրելով կառավարությունների վրա, որոնք աջակցում են նրանց:

 

Իր հերթին պատվիրակության անդամները շեշտել են, որ բանակի անձնազոհության շնորհիվ Սիրիան աշխարհին և տարածաշրջանին կայունության և տոկունության դասեր է տվել: Նրանք նաև ավելացրել են, որ թուրքերի մեծ մասը շարունակում է հավատարիմ մնալ եղբայրական հարաբերություններին՝ մերժելով ահաբեկիչներին աջակցելու Էրդողանի քաղաքականությունը:

 

Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Դողու Փերինչեքը նշել է, որ սիրիական ազգը, բանակը և նախագահ Բաշար ալ Ասադը հերոսաբար պայքարում են ահաբեկչության դեմ և նրանց դեմ, ովքեր ֆինանսավորում և աջակցում են ահաբեկիչներին: այդքանով հանդերձ, նրանք պաշտպանում են ոչ միայն իրենց երկիրը, այլև ողջ մարդկությանը: Նա նաև նշել է, որ թուրքական հասարակության ներկայացուցիչները թույլ չեն տա Թուրքիայի կառավարությանը շարունակել աջակցել ահաբեկիչներին:

 

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար' ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն < /i>դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: