Սիրիայի և Թուրքիայի ազգերի հարաբերությունները խոր արմատներ ունեն, սակայն Թուրքիայի կառավարությունը, սխալ ընկալելով քաղաքական իրադարձությունները տարածաշրջանում, Սիրիայի նկատմամբ որդեգրել է այնպիսի որոշումներ, որոնք վնասել են 2 ազգերի շահերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար, փոխվարչապետ Ուալիդ ալ Մուալեմը Դողու Փերինչեքի գլխավորությամբ թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Ուալիդ ալ Մուալեմը թուրքական պատվիրակության անդամներին կոչ է արել պաշտպանել սիրիական և թուրք ազգերի ընդհանուր շահերը, ներդրում ունենալ տարածաշրջանում և աշխարհում անվտանգության ու կայունության հաստատման գործում:
Նա նախազգուշացրել է Մերձավոր Արևելքի ապագայի վրա կախված ծայրահեղական ահաբեկչության համընդհանուր սպառնալիքի վերաբերյալ:
Թուրքական պատվիրակության ղեկավարն իր հերթին հաստատել է, որ թուրք ազգն աջակցում է սիրիացիներին ահաբեկչության դեմ պայքարում՝ ավելացնելով, որ Էրդողանի սխալ քաղաքականությունը ահաբեկիչների համար ճանապարհ է բացել, որոնք գործում են Իսրայելի և ԱՄՆ-ի շահերով՝ պատերազմ հրահրելով տարածաշրջանում:
Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար, փոխվարչապետ Ուալիդ ալ Մուալեմը մարտի 2-ին ընդունել է Թուրքիայի քաղաքական կուսակցության ներկայացուցիչների, հասարակական գործիչների և պատգամավորների պատվիրակությանը' Թուրքական աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքի գլխավորությամբ:
2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար' ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: