Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը սեպտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ բանագնաց Ստեֆան դի Միստուրային և նրան ուղեկցող պատվիրակությանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում Ասադը նշել է, որ իր կառավարությունը պատրաստ է շարունակել աշխատել և աջակցել ՄԱԿ-ի բանագնացին' իր պարտականությունների կատրարման ընթացքում հաջողություն գրանցելու համար: Նա ավելացրել է, որ Միստուրայի հաջող աշխատանքը հաջողություն կհամարվի նաև Սիրիայի և իր ժողովրդի համար:

 

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ առաջնայինը պայքարն է ահաբեկչության դեմ, որը սպառնում է բոլորին, և այդ հարցում առաջընթացը կնպաստի ազգային հաշտեցմանը: Ասադի խոսքով' հաշտեցման գործընթացում հաջողություններ են գրանցվել Սիրիայի տարբեր շրջաններում:

 

Իր հերթին Միստուրան նշել է, որ ջանքի չի խնայի աշխատելու բոլոր կողմերի հետ Սիրիայի ներսում և Սիրիայից դուրս' հանուն ճգնաժամի խաղաղ ճանապարհով լուծման: Նրա և Ասադի հանդիպմանը ներկա էր նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալեմը, Նախագահի քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բասինա Շաաբանը, արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը:

 

Ավելի վաղ Ստեֆան դի Միստուրան հանդիպել էր Սիրիայի արտգործնախարարի հետ: