ՄԱԿ-ը հայտարարել է, որ կաջակցի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրային' սիրիական հակամարտությունը կագավորելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դե Միստուրան առաջարկել է սկսել կարգավորել սրված իրավիճակը՝ Դամասկոսին և ընդդիմությանը հորդորելով միասնաբար պայքարել ահաբեկչության դեմ, ապա' զինադադար կնքել:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել նրան: Դե Միստուրան լրագրողներին տեղեկացրել է, որ այս փուլում նա չունի հակամարտությունը հարթելու ծրագիր, սակայն կա գործունեության պլան:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար օգնական Սան Գյուն Վա Կանը հայտարարել է, որ Սիրիայում մարդասիրական ճգնաժամը ավելի է վատթարանում հակամարտության բոլոր կողմերի ծայրահեղ քայլերի պատճառով: Նրա խոսքով' շարունակվող պատերազմում զոհերի և վիրավորների թիվը գնալով ավելանում է:

 

Սիրիական հակամարտության 3,5 տարիների ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է մոտ 200 հազար մարդ: Միլիոնավոր սիրիացիներ հեռացել են իրենց հայրենիքից ՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում: