Սիրիան կոչ է արել Հորդանանին համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, սակայն գիտակցում է, որ Հորդանանն այդ հարցում ինքնուրույն որոշում ընդունել չի կարող: Հորդանանը համարվում է ԱՄՆ-ի հովանու ներքո Սիրիա ահաբեկիչներ ուղարկելու գործող ուղիներից մեկը, նրանք զինպատրաստություն են անցնում Հորդանանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալլեմն՝ ավելացնելով, որ Հորդանանն, ունենալով իր պատճառները ԻՊ-ի դեմ պայքարելու համար, չի պայքարում սիրիա-հորդանանյան սահմանի մերձակայքում կենտրոնացած «Ջաբհա ան Նուսրա» խմբավորոման դեմ:
ԻՊ-ի դեմ պայքարելու վերաբերյալ նախարարը նշել է, որ ցամաքային պայքարի համար Սիրիան օտարազգի զինվորների կարիք չունի, քանի որ սիրիական բանակը հաջող գործում է առանց օգնության: «Պետության համար գլխավորը մնում են ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ պայքարը և քաղաքական կարգավորման հասնելու ուղիները»,- նշել է նախարարը:
Իր հերթին Բելառուսի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Մինսկն աջակցում է Դամասկոսին և կոչ է անում միջազգային հանրությանը ջանքեր գործարդել ահաբեկչության դեմ պայքարելու և ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
Մակեյը համոզված է, որ Սիրիան ճգնաժամից դուրս կգա նախկինից ավելի ուժեղ: Նախարարը նաև նշել է, որ վճռական հանդես է գալիս օտար միջամտության դեմ: «Բելառուսը պատրաստ է օգնել Սիրիային և մասնակցել տնտեսական ներուժի զարգացմանը»,- նշել է Մակեյը: