Այսօր ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ հայտարարել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արշակ Սահյանը իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Ըստ ռեժիսորի՝ իրեն տուգանել են հետնորդին (հավանաբար ի նկատի է ունեցել հետիոտնին) չզիջելու համար՝ պնդելով, որ այդ պահին իր առջևից ընթացող առավել ցածր դասի մեքենաները անտեսվել են և տեսուչը մեղադրանք է առաջադրել միայն իրեն, քանի որ ինքը վարում է «Կաբրիոլետ BMW» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա: Հարցի շուրջ MediaMall.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանից:

 

- Պարոն Արշակյան, տեղյա՞կ եք, որ միջադեպ է տեղի ունեցել Ճանապարհային ոստիկանության աշխատակից Արշակ Սահյանի և ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի միջև:


- Այո, տեղյակ եմ:

 

- Սուրեն Թադևոսյանը պետավտոտեսուչին մեղադրում է խտրական վերաբերմունքի և կաշառքի ակնարկ անելու մեջ: Պարզե՞լ ես, թե ինչ է կատարվել իրականում, ինչպե՞ս կմեկնաբանեք ռեժիսորի հայտարարությունը:

 

- Իհարկե պարզել ենք, անմիջապես ինձ մոտ է հրավիրվել ՃՈ աշխատակից Սահյանը, ամեն ինչ պարզաբանվել է: Ինչ վերաբերվում է կաշառքի ակնարկի հետ կապված հայտարարությանը՝ դա ես համարում եմ անլուրջ, որովհետև նման բան տեղի չի ունեցել: Պարոն Թադևոսյանը ակնհայտորեն խախտել է երթևեկության կանոնները: ՃՈ աշխատակից Արշակ Սահյանը, ի տարբերություն ոմանց, ունի փայլուն բարձրագույն կրթություն, շատ լավ տիրապետում է հայոց լեզվին և տարբերում է հետիոտն բառը հետնորդ բառից: Սուրեն Թադևոսյանի խախտումը տեսանկարահանված է, տեսագրությունը գտնվում է ինձ մոտ և կուզենայի իրականում այն տրամադրել նաև Ձեզ, բայց քանի որ նկարահանումը վերաբերվում է Սուրեն Թադևոսյանին՝ մենք այն կփոխանցենք իրեն: Ինչ վերաբերում է վարորդ Թադևոսյանի կողմից արված այն հայտարարությանը, թե իբր մի ինչ որ «ժիգուլիներ» և «օպելներ» անտեսվել են և տեսուչը նախընտրել է կանգնեցնել հենց իրեն, ապա ես նկատել եմ, որ որոշ ժամանակ առաջ դժգոհություններ կային նույն վարորդ Թադևոսյանի կողմից սոցիալական անհավասարության հետ կապված, նաև այդպիսի մտահոգություններ կար հասարակության մի մասի մոտ, թե իբր Ճանապարհային ոստիկանությունը խուսափում է տուգանել Սուրեն Թադևոսյանի վարած և նմանատիպ այլ թանկարժեք մեքենաների վարորդներին և նախընտրում է կանգնեցնել առավել էժան մեքենաներ վարող քաղաքացիներին: Ի հակադրություն այդ մտավախությունների՝ պետք է ասեմ, որ մեզ համար բացարձակապես նշանակություն չունի, թե ովքեր և ինչ արժեքի մեքենաներով են խախտում երթևեկության կանոնները, վառ օրինակ պարոն Թադևոսյանի կողմից շահագործվող «Կաբրիոլետ BMW» մեքենան կանգնեցնելու և վարորդին տուգանելու փաստը: Այսքանը կարող եմ ասել, տեսուչի կողմից կատարված գործողությունները օրինաչափ են և քաղաքացիներին չզիջելու համար վարորդ Թադևոսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենքի: Խախտումը տեսանկարահանված է և տեսագրությունը գտնվում է մեզ մոտ:

 

- Պարոն Արշակյան, Սուրեն Թադևոսյանի հնչեցրած մեղադրանքը բավականին լուրջ է, կապված է կաշառք ստանալու ակնարկի հետ, եթե ՃՈ-ի հասցեին նմանատիպ մեղադրանք է հնչեցվում՝ որևէ իրավական հետևանք լուրեր տարածողի նկատմամբ ունենու՞մ է:

 

- Ես այս ամենի մասին զեկուցել եմ իմ ղեկավարությանը, որն էլ որոշում կկայացնի հետագա քայլերի համար: Ինչ վերաբերվում է Սուրեն Թադևոսյանին՝ եթե նա դժգոհություններ ունի վարչական իրավախախտումը արձանագրելու հետ կապված, ապա նա ցանկացած պահի կարող է դիմել ՃՈ ղեկավարությանը, պատրաստ եմ նաև ես ընդունել նրան, ցույց տալ իր խախտման տեսագրությունը, և եթե նա դժգոհություններ ունենա՝ կարող է օրենքով սահմանված կարգով վիճարկել տեսուչի որոշումը: Ինչ վերաբերվում է ՃՈ աշխատակցի մասին նրա հնչեցրած անհիմն մեղադրանքներին՝ ես դա համարում եմ ոչ կոռեկտ և ոչ իրավաչափ: