Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացված հարձակումն ամրապնդում է սիրիացիների վճռականությունն ահաբեկչության դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, այս մասին Ասադն ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Ասադն ընդգծել է, որ այդ ագրեսիան կհանգեցնի միայն Սիրիայի ժողովրդի վճռականության ամրապնդմանը՝ շարունակելու պայքարը և ճնշելու ահաբեկչությունը երկրի ամեն դյույմի վրա»,- ասվում է հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ:

 

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ին Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրի նկատմամբ հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:

Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:

Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հստակեցրել են, որ բաց է թողնվել 110 հրթիռ, տուժել է երեք մարդ: Հրթիռների մեծ մասը կործանվել են Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգերի միջոցով:

Ռուսաստանը դատապարտել է իրականացված հարձակում՝ դա միջազգային իրավունքների խախտում որակելով: