Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ապրիլի 2-ին ընդունել է Ռուսաստանի Պաղեստինյան ուղղափառ ընկերակցության պատվիրակությանը' Սերգեյ Ստեպաշինի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

 

Սերգեյ Ստեպաշինը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ հաստատելով, որ իր երկիրը շարունակում է սատարել սիրիական ժողովրդի համախմբվածությանը' արևմտյան և տարածաշրջանային պետությունների կողմից աջակցվող միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:

 

Իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը բարձր է գնահատել Ռուսաստանի հաստատուն դիրքորոշումը և աջակցությունը՝ հաստատելով, որ Ռուսաստանը միջազգային ասպարեզում մեծ ներդրում ունի համաշխարհային բազմակողմանի համակարգ ստեղծելու հարցում, որը բխում է ազգերի և պետությունների շահերից:

 

Նախագահ Ասադը հայտարարել է, որ ահաբեկչության և սիրիական հասարակությանը խորթ ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարում հաղթելուց բացի այլընտրանք չկա:

 

Ռուսական պատվիրակության ղեկավարը խստորեն քննադատել է ահաբեկչական խմբավորումների կողմից իրագործվող հանցագործությունները, մասնավորապես, վերջին հանցագործություները Քեսաբի նկատմամբ: Ստեպաշինը տեղեկացրել է, որ իրենք մարդասիրական օգնություն կտրամադրեն Քեսաբի բնակիչներին: