Հանրահայտ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը, որը վերջ կդնի Ադրբեջանի կողմից հայերի սպանություններին:
Նա Instagram-ում իր աշխատանքներից մեկն է հրապարակել, որն ունի հետեւյալ մակագրությունը. «Արցախի ճանաչումը կկանգնեցնի մեզ սպանելը»: Լուսանկարին կից նկարիչը գրել է. «Արդեն 39 օր է, ինչ հայերն առաջնագծում պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ»:
Ավելի վաղ Ձիթողցյանը դատապարտել էր Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերին ուղղված հրթիռակոծությունները: Նա գրել էր. «Արցախում գերի ընկած սիրիացի ահաբեկիչները օրեցօր նոր մանրամասներ են հայտնում: Նրանք Սիրիայից Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի զինված ուժերի միջնորդությամբ` հայերին սպանելու նպատակով: Հրամանը հետեւյալն է` սպանել զինվորներին, կանանց, երեխաներին... Նրանց վարձատրությունը կազմում է ամսեկան 2000 դոլար, իսկ յուրաքանչյուր գլխատված հայի դիմաց` որպես բոնուս եւս 100 դոլար: Ներկայացնենք Էրդողանին եւ Ալիեւին. բացի մարդկային կյանքերը, հրթիռակոծություններն ու մեր քաղաքների ու գյուղերի ոչնչացումը` հիմա նրանք օգտագործում են սպիտակ ֆոսֆորային ռումբեր, որոնցով հրդեհում են Արցախի բոլոր անտառները: Թուրքիան դարձել է աշխարհում ամենախոշոր ահաբեկչական գործակալությունը, իսկ Ադրբեջանը` այն հյուրընկալող երկիրը»: