Աշխարհահռչակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանն Instagram-ի իր էջում անդրադարձել է հայերի դեմ կռվող սիրիացի վարձկաններին` մատնանշելով, թե որքան է Թուրքիան նրանց խոստացել պարգեւատրել հայերի դեմ ոճրագործությունների դիմաց: Ձիթողցյանը կիսվել է լուսանկարով, որը վերնագրված է «Ես հայ եմ, եթե ինձ գլխատեն, իմ գլուխը կարժենա 100 դոլար»:
Հրապարակմանը կից նկարիչը գրել է. «Արցախում գերի ընկած սիրիացի ահաբեկիչները օրեցօր նոր մանրամասներ են հայտնում: Նրանք Սիրիայից Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի զինված ուժերի միջնորդությամբ` հայերին սպանելու նպատակով: Հրամանը հետեւյալն է` սպանել զինվորներին, կանանց, երեխաներին... Նրանց վարձատրությունը կազմում է ամսեկան 2000 դոլար, իսկ յուրաքանչյուր գլխատված հայի համար` որպես բոնուս եւս 100 դոլար:
Ներկայացնենք Էրդողանին եւ Ալիեւին. բացի մարդկային կյանքերը, հրթիռակոծություններն ու մեր քաղաքների ու գյուղերի ոչնչացումը` հիմա նրանք օգտագործում են սպիտակ ֆոսֆորային ռումբեր, որոնցով հրդեհում են Արցախի բոլոր անտառները: Թուրքիան դարձել է աշխարհում ամենախոշոր ահաբեկչական գործակալությունը, իսկ Ադրբեջանը` այն հյուրընկալող երկիրը»,- նշել է նա: