Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով ահաբեկչության դեմ պայքարում մեղադրել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին, կարևոր մեսիջներ է տվել անդրսահմանային գործողության, Հունաստանի կողմից կղզիների զինման, Հացահատիկային միջանցքի համաձայնագրի և այլնի վերաբերյալ, գրում է milliyet.com֊ը։

«Ցավոք սրտի, Իրաքում դեռևս կան արմատական խմբավորումներ և ահաբեկչական կազմակերպություններ։ Մեր աջակցությամբ նրանք այլևս ուժեղ չեն ո՛չ Սիրիայում, ո՛չ Իրաքում։ Բայց նրանք ժամանակ առ ժամանակ հայտնվում են: Կան նաև խմբեր, որոնց անվանում են աշխարհազորայիններ: Ի վերջո, սադրանքները շարունակվում են: Մենք միշտ զգուշացրել ենք իրաքյան իշխանություններին այս ոտնձգությունների մասին: Ո՞վ է պաշտպանում մեր առաքելությունները։ Իրաքի վարչակազմում կան ահաբեկիչներ։ Դա նրանց պատասխանատվության գոտում է: Եթե դուք չեք կարող միայնակ պայքարել նրանց դեմ, եկեք դա անենք միասին»,֊ ասել է Չավուշօղլուն։

«Ո՞րն էր նախկինում մեր գործողությունների նպատակը։ Այն է մեր սահմանին տեղակայված ահաբեկիչներին «մաքրելը»։ Դա է նաև առաջիկա ժամանակահատվածում իրականացվելիք մեր գործողության նպատակը։ Ռուսաստանը և ԱՄՆ-ն երկուսն էլ իրենց խոսքի տերը չեն եղել։ Մենք բանակցել ենք ԱՄՆ-ի հետ և համատեղ հայտարարություն ենք արել։ Ռուսաստանի հետ Սոչիում պայմանավորվածություն ձեռք բերեցինք։ Երկու երկրներն էլ այս շրջանները պետք է մաքրեին ահաբեկչությունից։ Նրանք դա չեն արել»,֊ասել է Չավուշօղլուն։