ԵՄ-ն՝ Թուրքիայի, ինչպես նաև Քաթարի և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ ուժերով՝ Սիրիան վերածել են ահաբեկչության օջախի: Այս մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է հոլանդական NOS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե ինչու Եվրոպայից այդքան շատ իսլամական ծայրահեղականներ են մեկնում Սիրիա՝ Ասադը հայտարարել է, որ առաջնահերթ հարցն այն է, թե ինչու են ընդհանրապես Եվրոպայում այդքան շատ ջիհադիստներ հայտնվել:

 

 

«Ամենակարևոր հարցն այն է, թե որտեղից են նրանք հայտնվել Եվրոպայում: Բնական է, որ նրանք գալիս են այստեղ այն բանից հետո, ինչ Սիրիան վերածվել է ահաբեկչության օջախի՝ այն պատճառով, որ Եվրոպան և այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարն աջակցել են ահաբեկիչներին տարբեր միջոցներով:

 

 

Ասադի կարծքիով՝ եվրոպական առաջնորդները մայրցամաքում իսլամական արմատականներին թույլ են տվել հայտնվել, քանի որ նրանք չեն կարողացել լուծել ներգաղթյալների ինտեգրման խնդիրը և «վաճառել են իրենց արժեքները՝ նավթադոլարի դիմաց»:

 

 

«Նրանք թույլ են տվել Սաուդյան Արաբիայից վահաբի կազմակերպություններին Եվրոպա բերել իրենց ծայրահեղական գաղափարախոսությունը: Դրա համար եք դուք ահաբեկիչների արտահանում: Մենք նրանց չենք արտահանում՝ նրանք են գալիս Սիրիա, իսկ հետո վերադառնում Եվրոպա», - ասել է Սիրիայի նախագահը:

 

 

Եզրափակելով զրույցը՝ Ասադը նշել է, որ միայն Սիրիայի ժողովուրդն իրավունք ունի որոշելու, թե արդյոք ներկայիս իշխանությունը պետք է մնա, թե ոչ, և եթե մարդիկ ցանկանան, որպեսզի նա թողնի իր պաշտոնը՝ նա դա անմիջապես կանի: