Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական Halk TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ ինքը լուրջ խնդիրներ է կանխատեսում Թուրքիայի համար ահաբեկիչներին դիմակայելու հարցում:
Ասադն ուղիղ կերպով մեղադրել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին' Թուրքիայի տարածքից Սիրիայի վրա հարձակումներ իրականացնող ահաբեկիչներին հյուրընկալելու համար: Սիրիայի նախագահի կարծիքով' Անկարան դեռ թանկ է վճարելու իր այդ քաղաքականության համար:
«Ահաբեկչությունը վերահսկելն անհնարին է: Այդ երևույթը նման է կարիճի, որը երբեք բաց չի թողնում ձեզ առաջին իսկ հարմար պահին խայթելու հնարավորությունը»,-կարծում է Ասադը:
«Արդեն մոտ ժամանակներս այդ նույն ահաբեկիչները հանդես կգան Թուրքիայի դեմ, և վերջինս ստիպված կլինի թանկ վճարել ներկայիս քաղաքականության համար»,-հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Միաժամանակ, Ասադը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի նպատակը Սիրիայում արմատական իսլամիստների' իշխանության գալն է: Ասադը հույս է հայտնել, որ Ժնևում խաղաղ բանակցությունները հնարավորություն կտան փակել հակակառավարական ուժերին օտար երկրներից մատակարարվող ռազմական օգնության ճանապարհները: