shamshyan.com Լիբանանյան «Ալ-Ահբար» թերթին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան դեռևս բավարար ռազմական ուժի է տիրապետում, որպեսզի պատասխան տա Իսրայելի կողմից հնարավոր ագրեսիային: «Ի սկզբանե մենք սկսել ենք քիմիական զենքի արտադրությունը 1980թ-ին, որպեսզի կարողանանք դիմակայել Իսրայելի միջուկային արսենալին:

 

Սակայն այսօր ավելի արդիական ու բարդ զենք գոյություն ունի, ինչը կկարողանա կուրացնել Իսրայելին մի վայրկյանի ընթացքում», - հայտարարել է նախագահը: Ասադի խոսքերով, ԱՄՆ-ն փորձում է փոփոխության ենթարկել Մերձավոր Արևելքի ուժերի բալանսը ու աջակցել Իսրայելին՝ Սիրիային քիմիական զենքից զրկելով: Նախագահը նաև հավելել է, որ Սիրիայի վրա նախապատրաստած ռազմական հարվածի սպառնալիքը ԱՄՆ-ի իշխանություններին անհարմար վիճակի մեջ էր դրել:

 

Ասադը նաև վստահաբար հայտնել է, որ Ռուսաստանը կաջակցի Սիրիային ռազմական միջամտության դեպքում: Նախագահը վստահ է, որ ԱՄՆ-ն իրականացնելու է ռազմական միջամտությունը նույնիսկ քիմիական զենքը Սիրիայից դուրս բերելու դեպքում:

 

«Քիմիական զենքն իմ երկրի համար «ծանր բեռ» է դարձել, դրա ոչնչացումը կապված է մեծ ծախսերի հետ ու կտևի մի քանի տարի: Այն բնապահպանական սպառնալիք է ներկայացնում ու մի շարք այլ խնդիրների հետ է կապված, որոնց պետք է լուծում տալ: Թող գան ու տանեն այն», - հայտարարել է նախագահը: