Սիրիայից քիմիական զենքը պետք է դուրս բերել մինչև ապրիլի 27-ը: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմադ Օզմունջոն' ավելացնելով, որ պետք չի ժամանակ կորցնել: Նրա խոսքով՝ Սիրիայից արդեն դուրս են բերվել քիմիական զենքի 65 տոկոսը, իսկ մնացած 35 տոկոսը պետք դուրս բերվի երկրից մոտակա շաբաթների ընթացքում:
«Ինչպես նախատեսված է, մինչև հունիսի 30-ը լիովին կարելի է հասցնել ոչնչացնել բոլոր քիմիական զենքերը»,- նշել է ՔԶԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ավելացնելով, որ, իր կարծիքով' ժամկետները երկարաձգելու անհրաժեշտություն չի լինի:
Օզմունջոն նաև ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը հնարավոր ամեն ինչ անում են՝ իրականացնելու քիմիական զենքերի ոչնչացման գործընթացը:
Սիրիայի իշխանություններն ավելի վաղ առաջարկել էին երկարացնել զենքերի դուրսբերման և ոչնչացման ժամկետները՝ անվտանգության նկատառումներից և շարունակվող մարտերից ելնելով: Նախատեսված է քիմիական զենքերն ամբողջովին ոչնչացնել մինչև հունիսի 30-ը: