Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իր երկիրը  քիմիական զենքի պաշարներ չունի և հերքել է դրա կիրառման հետ կապված Արևմուտքի մեղադրանքները։ Այդ մասին Ասադն ասել է հունահունական «Կատիմերինի» պարբերականին տված հարցազրույցում։

 

«Նախևառաջ՝ մենք չունենք քիմիական զենքի պաշարներ 2013 թվականից ի վեր, երբ հանձնեցինք այն։ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել, ինչից պարզ դարձավ, որ մենք քիմիական զենք չունենք, դա պաշտոնապես հաստատված է»,- ասել է Ասադը։

 

Սիրիայի առաջնորդի խոսքով՝ քիմիական զենքի կիրառման մասին մեղադրանքները սկսվեցին այն բանից հետո, երբ սիրիական բանակը սկսեց հաղթանակ տանել։

«Դա կեղծիք է, պարզունակ խաղ՝ սիրիական բանակի վրա հարձակվելու համար։ Ահաբեկիչների պարտությունից հետո ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև նրանց դաշնակիցները, որոնք ցանկանում են ապակայունացնել Սիրիան, տեսան, որ կորցրել են իրենց առանցքային խաղաքարտերը։ Ահա թե ինչու են նրանք հարձակվում սիրիական բանակի վրա․ որպեսզի բարձրացնեն ահաբեկիչների ոգին ու կանխեն մյուս շրջանների ազատագրումը սիրիական բանակի կողմից»,- նշել է Բաշար Ասադը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ապրիլի 14-ին հրթիռային հարվածներ էին հասցրել Սիրիայում քիմիական զենքի ենթադրյալ պահեստներին: