Սիրիայի կառավարությունը մեղադրել է ապստամբներին քիմիական զենք պահելու և կիրառելու մեջ: Մեղադրանքը հնչեցվել է այն բանից հետո, երբ Դամասկոսի մոտ, թունելում շաբաթ օրը հայտնաբերվել է այդպիսի զենքի մի պահեստ:
Իշխանությունների հաղորդմամբ պետական բանակի զինվորների մոտ, որոնք մտել են այդ գաղտնարան, ի հայտ են եկել շնչարգելման ախտանիշեր:
Օգոստոսի 21-ին նախագահ Բաշար Ասադի հակառակորդները հայտարարել էին Սիրիայի մայրաքաղաքի մոտ զանգվածային քիմիական հարձակման մասին, որոնց հետևանքով տարբեր տեղեկություններով զոհվել էին 600 - 1300 մարդ:
Ընդդիմությունը հայտարարում է, որ անհրաժեշտ փորձաքննություններ կատարելու և թունավոր գազի տեսակը որոշելու նպատակով այդ զոհերի մարմինները տեղափոխվել են Հորդանան:
Սիրիայի իշխանությունները պաշտոնապես հերքել են զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մասին տեղեկությունները: «Այդ հայտարարություններում չկա անգամ ճշմարտության մեկ կաթիլ»,- հայտնել են սիրիական կառավարության ներկայացուցիչները:
Այս պահին երկրում են գտնվում ՄԱԿ-ի փորձագետները: Նրանք պետք է պարզեն ընդդիմության դեմ իշխանությունների կողմից քիմիական զենք կիրառելու հավաստիությունը: