Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայերի պատվիրակությանը՝ «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ժամանակ քննարկումները ծավալվել են Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի վերակառուցման գործընթացի շուրջ: Հայաստանում հաստատված սիրիահայ գործարարները ցանկություն են հայտնել մասնակցել Սիրիայի վերակառուցման գործընթացին:
Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի բարեկամ Հայաստանի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը և երկրի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած աջակցությունը թույլ է տալիս, որ Հայաստանը լինի առաջատար երկրներից մեկը, որոնք արդար իրավունք ունեն մասնակցել Սիրիայի վերականգնման աշխատանքներին: