Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այն մասին, որ Հայաթ Բումենդյենը՝ Փարիզի խանութներից մեկի վրա հարձակում գործած ահաբեկիչ Ամեդի Կուլիբալիի կինը, հատել է թուրք-սիրիական սահմանը և թաքնվում է Սիրիայում, պաշտոնական խոսովանություն է, որ Թուրքիան ահաբեկիչների համար մնում է գլխավ որ դարպասը Սիրիայի տարածք մուտք գործելու համար: Այս մասին հունվարի 12-ին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ն՝ նշելով, որ Թուրքիայի տարածքով ահաբեկիչների նման հեշտությամբ Սիրիա թափանցելը ապացուցում է, որ Անկարան անմիջական կապ ունի ահաբեկչական խմբավորումների, սիրիական արյունահեղության, ինչպես նաև ողջ աշխարհում անմեղ մարդկանց արյուն թափելու հետ:
Սիրիան միջազգային հանրությունից պահանջել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ դադարեցնելու համար ահաբեկիչներին աջակցելու անպատասխանատու և կործանարար քաղաքականությունը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաթ Բումենդյենը հունվարի 8-ին հատել է սիրիական սահմանը:
Նա նաև ավելացրել էր, որ Հայաթ Բումենդյենը հունվարի 2-ին Ստամբուլի օդանավակայան էր ժամանել Մադրիդից և որոշ ժամանակ բնակվել հյուրանոցում: