Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու արգելք ունեցող Հայաստանի 2 հազար 600 քաղաքացու մասով որոշումը փոխվել է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով՝ շուրջ 9 հազար 500 մարդ դիմել է ծառայություն՝ իրենց նկատմամբ ընդունված որոշումը փոխելու խնդրանքով: Ըստ Եգանյանի՝ քաղաքացիներից շատերն անգամ չգիտեն, թե որ խախտման հետևանքով են հայտնվել ՌԴ մուտքի արգելք ունեցող անձանց ցուցակում: «Աշխատելով ՌԴ գործընկերների հետ՝ փորձում ենք խախտման պատժաչափը մեղմացնել և օգնել մեր քաղաքացիներին: Մեկ տարվա ընթացում 9500 դիմում արդեն ուղարկվել է ՌԴ, իսկ օրական մեզ դիմում է 20-ից մինչև 50-60 քաղաքացի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Եգանյանը:

 

 

Նրա տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում արգելանքի վերացման վերաբերյալ դիմումների համար ստացվող պատասխաններից դրական էին միայն 22-23 տոկոսը, իսկ ներկայում այդ թիվը հասել է 63 տոկոսի: Այսինքն՝ 3 դիմումից 2-ի դեպքում ստացվում է դրական պատասխան: